Վանեցյան․ Նիկոլը հաստատ այն մարդը չէ, ով կարող է բարոյականությունից խոսել
Իսկ ի՞նչ է լինում, երբ երկրի վարչապետը ձախողում է կառավարումը։ Ի՞նչ է լինում, երբ այդ ձախողման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունենում, Հայրենիք կորցնում։ Այս մասին իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականների ու եկեղեցու մասին գրառումներին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցերը հռետորական են։ Բայց Նիկոլը, հաստատ, այն մարդը չէ, ով կարող է ձախողումից, ուխտադրուժ լինելուց կամ առհասարակ՝ բարոյականությունից խոսել։
Եկեղեցին, իհարկե, շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են։ Հավատքի և արժեքների մեր ամրոցը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը։
Այս ամենն օրինաչափ է։ Ցավոք, նոր վերելքի համար պետք եղավ, որ հասնենք հատակին։ Հիմա արդեն այլ տարբերակ չունենք՝ պետք է վերջապես հասկանանք՝ ինչ ժողովուրդ ենք, ինչ եկեղեցի ու ինչ պետություն։
Բայց ես հավատում եմ «Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ եկեղեցի» գաղափարին, այդ գաղափարի ուժին։ Միասին մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։
Աստված առաջ»։
News.am