Միշուստինը նշել է Ռուսաստանի առաջնահերթությունները ԱՊՀ շրջանակներում
ԱՊՀ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
ՌԴ վարչապետը Տաջիկստանում է երկօրյա այցով, որի շրջանակում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ավելի վաղ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպում է անցկացրել Համագործակցության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել «Ազգերի պալատ» պետական համալիրում։
Միշուստինի խոսքով՝ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Համագործակցության շրջանակներում փոխգործակցության զարգացմանը։
«ԱՊՀ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Մենք գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխօգնության երկար տարիների ավանդույթները», – ընդգծել է Միշուստինը։
Հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետը Էմոմալի Ռահմոնին և հանդիպման մյուս մասնակիցներին ողջույններ է փոխանցել Ռուսաստանի նախագահի կողմից։
«Նախևառաջ թույլ տվեք ձեզ և բոլոր ներկաներին փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի սրտանց ողջույններն ու լավագույն մաղթանքները», – նշել է նա։
Միշուստինը նաև շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահին և տեղի գործընկերներին հյուրընկալության և միջոցառման բարձրակարգ կազմակերպման համար։
Sputnik Արմենիա