Թրամփը արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հանրապետականը այս որոշման մասին հայտարարել է չորեքշաբթի՝ հունիսի 4-ին, իր TruthSocial սոցիալական ցանցում: Մանրամասն մամուլի հաղորդագրություն հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Լրիվ արգելքը վերաբերում է 12 երկրների, իսկ մասնակի արգելքը՝ յոթին:
Լրիվ արգելքը վերաբերում է 12 երկրների քաղաքացիների՝ Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն: Բացառություններ են նախատեսված Միացյալ Նահանգների օրինական մշտական բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:
Մասնակի արգելքը վերաբերում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիներին: Նրանց չեն տրամադրվի այցելուի և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, կպահպանվեն աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ 45-ամյա եգիպտացի քաղաքացին, որը կնոջ և երեխաների հետ անօրինական կերպով բնակվում էր ԱՄՆ-ում, «Ազատություն Պաղեստինին» գոռալով մոլոտովի կոկտեյլ է նետել ամբոխի վրա։ Տասնհինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու, հաղորդում է Associated Press-ը։
«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։
Ահաբեկչական հարձակումների մասին խոսելով՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելված երկրների ցանկում կարող են ավելացվել նոր երկրներ։
News.am