Մայր աթոռ․ Դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով Սամվել Կարապետյանի հետապնդումը

Մայր աթոռը հորդորում է ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։ Այս մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության մեջ, որով եկեղեցին արձագանքում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանն իրականացված գործողություններին։

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 20 մարդու։

Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:

Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։