ՌՈԴԵՆԻ՝ ԳՐԵԹԵ 120 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՔԱՆԴԱԿԸ, ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԳՐԵԹԵ 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակը, որը գրեթե 120 տարի անհետացել էր հանրության տեսադաշտից և համարվում էր դրա պատճենը, աճուրդում վաճառվել է 860 հազար եվրոյով (984 հազար ԱՄՆ դոլար), հաղորդում է CNN-ը։
«Le Désespoir» կոչվող աշխատանքը, որը պատկերում է ժայռի վրա նստած կանացի կերպարանք՝ մեկ ոտքը կրծքին սեղմած, վերագտնվել է 2024 թվականի վերջին, ասված է Rouillac աճուրդի տան հայտարարության մեջ։ Արձանիկը վերջին անգամ վաճառվել է 1906 թվականին։
Այս քանդակը ստեղծվել է նմուշից 1890 թվականին և քանդակվել է մարմարից 1892-1893 թվականներին։
Ընդամենը 28,5 սանտիմետր 15x 25 սանտիմետր չափսերով քանդակը սկզբնապես մոդելավորվել է Ռոդենի ավելի քան 200 կերպարներ և խմբեր ներառող «Դժոխքի դարպասները» հուշարձանային աշխատանքի նմանությամբ։
Նախկին սեփականատերերը՝ Կենտրոնական Ֆրանսիայից մի ընտանիք, պատկերացում անգամ չունեին դրա արժեքի մասին և քանդակը դրել էին դաշնամուրի վրա՝ ընտանեկան լուսանկարների կողքին, երեքշաբթի CNN-ին հայտնել է աճուրդավար Էմերիկ Ռույակը։
Ռույակը պատմել է, որ նախկին սեփականատերերը քանդակը պատճեն են համարել, սակայն ինքը որոշել է շարունակել հետաքննությունը։
Իր սեփական նախնական հետաքննությունը կատարելուց հետո Ռույակը քանդակը տարել է քանդակագործի աշխատանքների կատալոգ վարող Ռոդենի կոմիտե՝ փորձաքննության։
Ռոդենի կոմիտեի համահիմնադիր Ժերոմ լը Բլեն CNN-ին պատմել է, որ իրեն անմիջապես ցնցել է բացառիկ աշխատանքը։
Ըստ լը Բլեի՝ աշխատանքը թվագրվում է այն ժամանակաշրջանին, երբ Ռոդենը հսկայական ժամանակ էր նվիրում փոքրաթիվ քանդակներ ստեղծելուն։ Նա հավելել է, որ քանդակը ներկայացնում է «Ռոդենի կարիերայի լավագույն պահերից մեկը»։