Զախարովա․ Միջուկային սպառնալիքը Մերձավոր Արևելքում հիպոթետիկ չէ
Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը վերածվում է ոչ միայն լարվածության թեժացման, այլև լուրջ սպառնալիքի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, քանի որ հարվածներ են հասցվում միջուկային ենթակառուցվածքների օբյեկտներին, և միջուկային վտանգը գործնականում շոշափելի չափեր է ստանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս ամենը կհանգեցնի ոչ միայն հակամարտության սրման, այլև տարածաշրջանի և համաշխարհային խաղաղության համար անմիջական վտանգի, քանի որ հարվածներն ուղղված են խաղաղ ատոմային կամ միջուկային օբյեկտներին»,- նշել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
Նա ընդգծել է, որ Իրանն ունի և կշարունակի ունենալ սեփական միջուկային օբյեկտների իրավունք, և դրանց վրա հարձակումները ստեղծում են համաշխարհային սպառնալիք։ Զախարովան նաև ավելացրել է, որ այս հակամարտության մեջ միջուկային վտանգն իրական նշանակություն ունի։
«Այս դեպքում խոսքը միջուկային սպառնալիքի մասին է, որը բնավ հիպոթետիկ չէ, այլ գործնական բնույթ ունի»,- նշել է դիվանագետը։
News.am