Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, այս մասին Քննչական կոմիտեի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Մեղադրանքը մեր վստահորդը չի ընդունում։ Նրա դեմ դատարան են ներկայացրել կալանքի սանկցիա։

«Մեղադրանքը բացարձակ իրականության հետ կապ չունի։ Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այդ տեսանյութը դիտել և ինքն իր մեջ գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ»,–ասաց փաստաբանը։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422–րդ հոդվածի երկրորդ մասով (Պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):

«Նման հոդվածով անձին կալանավորելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է, ինչի հետ կապված մենք մեր բողոքներն ենք ներկայացնելու բոլոր ատյաններին»,–ասաց Կարապետյանի մեկ այլ պաշտպան Լիանա Գասպարյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին Կարապետյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, բայց իրենք տեղեկություններ ունեն, որ շուտով ներկայացվելու է։

Sputnik Արմենիա