ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերում
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում, հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հավելենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նրա կալանավորման հարցը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում։
Նշենք նաև, որ «Տաշիր Պիցցան» 2024 թվականին 2,2 մլն դոլարից ավելի հարկեր է վճարել։
Sputnik Արմենիա