Իրանցի փորձագետ․ Թավրիզի վրա հարձակումները ուղղակիորեն առնչվում են ադրբեջանական լրտեսական ցանցի գործունեությանը
Թավրիզի վրա հարձակումների ինտենսիվությունն ուղղակիորեն առնչվում է ադրբեջանական լրտեսական ցանցի վարձկան գործունեության հետ, որը ստեղծվել է երկրի անկախություն ձեռք բերելուց հետո։ Դրա մասին գրել է իրանցի քաղաքագետ Ահմադ Քազեմին։
«Ադրբեջանի այս էթնիկ լրտեսական ցանցը սիոնիստական ռեժիմի ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Օզի Լանդաուն «Իսրայելի ռազմավարական ակտիվ» է որակել:
2014 թվականին Նախիջևանից Իրան անօդաչու թռչող սարքի ներթափանցման և Նաթանզի մոտ դրա խոցման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի պատասխան իրանական պատվիրակության անձնական նախազգուշացման, իր պաշտպանության նախարարի ներկայությամբ հայտարարեց, որ հարձակումն իրականացրել են իրենց հյուրերը (իսրայելցիները)՝ առանց Բաքվի կառավարության թույլտվության։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և դրանից հետո Ալիևի հիշատակած հյուրերը գործնականում զավթել են Ադրբեջանի ինքնիշխանության մեծ մասը և ազատորեն ներգրավված են ցանկացած հակաիրանական գործունեության մեջ՝ սկսած կիբեր և էլեկտրոնային պատերազմի կենտրոնների, լրտեսական բազաների, հրթիռային հսկողության և խափանման ստեղծումից մինչև Սիթալչայի, Խիզրիի և Գաբալայի ավիաբազաների հնարավորությունների օգտագործումն անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։
Բաքուն Թել Ավիվին վստահեցրել է, որ սիոնիստական ռեժիմի և Իրանի միջև երկարատև պատերազմի դեպքում կապահովի սիոնիստական ռեժիմին նավթի մատակարարումը Բաքու-Ջեյհան խողովակաշարով։ Բացի դրանից, Բաքուն բազմաթիվ ադրբեջանցիների ուղարկեց օկուպացված Պաղեստին, նրանց ուղեղները լվանալով, որպեսզի նրանք ծառայեն որպես վարձկաններ իսրայելական բանակում։
Ալիևի կառավարությունը, որը պատանդ էր վերցրել մոտ տասը միլիոն քաղաքացիների, նրանց թվում՝ շիաների, ադրբեջանցիների և էթնիկ փոքրամասնությունների, դարձել է սիոնիզմի տարածաշրջանային հենակետը։
Ինչպես ասել է այս սիոնիստական ռեժիմի նախկին արտգործնախարար Լիբերմանը՝ «Ադրբեջանը Իսրայելի համար նույնն է, ինչ Լիբանանը Իրանի համար, և Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնելով՝ մենք կարող ենք զսպել մեր ամենամեծ թշնամու սպառնալիքները նրա սահմաններին»։
Այսօր դա իրականություն է դարձել, և Բաքվի ձեռքերը, որոնք ներկված են սիրելի իրանցիների արյունով, այդ թվում՝ Թավրիզում, Արդաբիլում և Ուրմիայում, կարմիր գիծ են, որի դեմ լռությունն ու անգործությունն աններելի են ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագա սերունդների համար։
Բաքուն, Անկարան և Թել Ավիվը գործում են ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության։ Նույն Թուրքիան ներկայում զբաղվում է իրանական հրթիռների որսմամբ, մասնավորապես՝ Ինջիրլիքի և Քորեջեքի բազաների միջոցով, և ներկա է Կիպրոսում, որտեղ բրիտանական բազայում սիոնիստական F-35 կործանիչներ են տեղակայված», - գրել է փորձագետը։
News.am