ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆԿԱՐԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱ՞ՄԲ

«Որևէ բանական մարդ չի զարմանա, որ չորեքթաթ Անկարա վազող Նիկոլը Երևան վերադառնա թուրքական բանակի ուղեկցությամբ: Կրկնում եմ՝ Հայաստանի վիլայեթացումից բացի՝ Նիկոլն իշխանություն պահելու որևէ ռեսուրս չունի, իսկապես չունի: Վիլայեթացման ու Նիկոլին որդեգրելու, Հայաստանում Նիկոլի իշխանությունը թուրք-ադրբեջանական սվիններով պահելու գինը, կարծես, թուրքերը սահմանել են՝ Եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրս բերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Սրընթաց զարգացող իրադարձությունների թոհուբոհում քչերն են ուշադրություն դարձրել հունիսի 3-ին սոցցանցերում տարածված տեսանյութին, որում հայտնի թուրք գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նևզեթ Չիչեքը հայտարարում է, որ «Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ նշանակության ջոկատի մարտիկները»։ Sozcu TV-ի եթերում նա հավաստիացրեց, և դրա հետ դժվար է չհամաձայնել, որ «ուրիշ ոչ ոք չի կարող այնքան օգուտ բերել Թուրքիային և Ադրբեջանին, որքան Նիկոլ Փաշինյանը»:

Չիչեքը բնավ առաջին անգամ չէ աչքի ընկնում նման հայտարարությամբ. նույնը նա ասել է նաև մեկ տարի առաջ, երբ Թուրքիայում և Ադրբեջանում խիստ մտահոգված էին Բագրատ Սրբազանի գլխավորած «Սրբազան շարժման» վերելքով: Այն օրերին Անկարայում և Բաքվում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ հանդես եկան ի պաշտպանություն Փաշինյանի՝ կոչ անելով զորք մտցնել Հայաստան:

Մի քանի օր առաջ հայկական 24News կայքը հաղորդեց, որ հունիսի 20-ին Փաշինյանը մեկնելու է Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Երեկ՝ հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը հաստատեց այդ տեղեկությունը, հայտնելով, որ այցը տեղի է ունենալու Էրդողանի հրավերով, և անվանեց այն «պատմական»: Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ Նիկոլը միտումնավոր է սրում իրավիճակը երկրում՝ իր «պատմական» ուղևորությունից ուշադրություն շեղելու համար։ Այդ թվում՝ անպարկեշտությամբ աննախադեպ արշավ սանձազերծելով Հայ Եկեղեցու դեմ, իսկ երեկ նաև հարձակում նախաձեռնելով Սամվել Կարապետյանի վրա։

Իսկ երեկ արդեն 24News-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեց այցի մանրամասները. Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ Էրդողանի հետ համաձայնեցնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները։ Պարբերականի տվյալներով՝ քննարկվելու է ստորագրման վայրի հարցը. Վաշինգտոն (այս տարվա սեպտեմբերին) կամ ԱՄԷ (հնարավոր է՝ դեկտեմբերին):

Բացի այդ, աղբյուրը նշել է, որ Փաշինյանին հաջողվել է բանակցային գործընթացի օրակարգից հանել Հայաստանի Սահմանադրության փոփոխումը. նա, իբր, համոզել է Ալիևին, որ դա անհնար է և սպառնում է իր իշխանությանը։ Փոխարենը Նիկոլը պարտավորվել է իրեն ենթարկել Հայ Առաքելական Եկեղեցին և, որպես երկրորդ պայման՝ ստորագրումից հետո դուրս բերել ռուսական բազան։ Երրորդ կետի վերաբերյալ տվյալները, որը վերաբերում է ճանապարհների բացմանը, պարբերականը խոստացել է ներկայացնել ավելի ուշ։

Այն, որ ընտրություններից առաջ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը հույժ անհրաժեշտ է Նիկոլին, փաստ է, որն ապացուցման կարիք չունի։ Նա պարզապես այլևս ոչինչ չունի ներկայացնելու ժողովրդին իբրև իր «նվաճումներ» 7 խայտառակ տարիների ընթացքում։ Վաղուց ապացույցներ չպահանջող փաստ է նաև այն, որ նա պատրաստ է մինչև վերջ գնալ Անկարայի և Բաքվի պահանջների կատարման և շահերի սպասարկման հարցում։

Հունիսի 13-ին Պրահայում Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պետք է ջանա, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ և լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվ այնուհետ. «Այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։

Կասկած չկա, որ Նիկոլն Անկարա է մեկնում Էրդողանի «հրավերով»՝ վերջնական «խորհրդակցությունների» համար, և որ հենց Թուրքիայի նախագահն է նրա գլխավոր խորհրդատուն ու ողջ գործընթացի «գորշ կարդինալը»։ Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանն Անկարայում լինի Ալիևի հետ միաժամանակ, որի հունիսի 19-ին Թուրքիա կատարելիք այցի մասին ևս հայտնում են ԶԼՄ-ները: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ուրախ ու երջանիկ պահեր են սպասվում օկուպացիոն ռեժիմի պարագլխին Անկարայում։ Եվ նվաստացման ու զայրույթի քանի նոր պահ ու ժամեր ենք ապրելու մենք

Մինչդեռ Հայաստանում, բացի Փաշինյանից, դեռ քչերն են տեղյակ պետության համար գոյաբանական կարևորության այդ փաստաթղթի բովանդակությանը։ Օրերս հայտնի դարձավ լոկ այն, որ Երևանը համաձայնել է դեռ մարտին չհամաձայնեցված մնացած երկու կետերին. միջազգային ատյաններում դատական հայցերից փոխադարձ հրաժարմանն ու հայ-ադրբեջանական սահմանին կողմնակի ուժեր չտեղակայելու պարտավորությանը (խոսքը գլխավորապես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մասին է)։

Թե ինչպիսիք են մնացած 15 կետերը՝ հայտնի չէ. մի գեղեցիկ օր մեզ պարզապես փաստի առաջ կկանգնեցնեն։ Այդուհանդերձ ռեժիմի ներկայացուցիչների հայտարարությունների հիման վրա կարելի է վստահորեն եզրակացնել, որ «համաձայնագրի» անխտիր բոլոր դրույթները հետապնդում են բացառապես թուրքական շահեր, մինչդեռ Հայաստանի համար կենսական կարևորության հարցերը քննարկվում են այդ գործընթացից դուրս և, ամենակարևորը՝ անարդյունք։

Այսպես, հունիսի 5-ին Արաբատ Միրզոյանը հայտարարեց ապօրինի պահվող հայ գերիների հարցով Բաքվի հետ «կառուցողական խոսակցության» բացակայության մասին։ Նիկոլի թիմակցի խոսքերով՝ այդ հարցը «մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են՝ ինչպես այն համատեքստում, որ Արաբատը ապավինում էր «Բաքվի կառուցողականությանը», այնպես էլ ռեժիմի իբր գործադրած ջանքերի վերաբերյալ շատ մեծ կասկածների առումով։

Այնուհետ երկու հայտարարություն արեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախ՝ այն մասին, որ Ադրբեջանը դեռևս պատասխան չի տվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։ Այդ հարցը նույնպես քննարկվում է «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններից դուրս. Գրիգորյանը խոստովանեց, որ այն ներառված էր տեքստում, բայց հետո հանվել է: Հավելենք մեր կողմից. պարզապես այն պատճառով, որ թուրքերին դա բացարձակապես պետք չէ։

Երկրորդ. Գրիգորյանի խոսքերով՝ Բաքուն դեռևս չի արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների մասին Երևանի փոխանցած տվյալներին, ինչպեսև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին առաջարկին: Հիշեցնեմ, որ դեռևս ս.թ. փետրվարին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սպառազինությունների վավերացման ու փոխհսկողության մեխանիզմի վերաբերյալ Բաքվին փոխանցված առաջարկները մնում են անպատասխան։ Եվ կարելի է չկասկածել, որ այդպես էլ կմնան. բա դա պե՞տք է Ալիևին։

Ուրեմն ի՞նչ են համաձայնեցրել կողմերը, եթե այս կարևորագույն հարցերը մնում են ընդամենը Հայաստանի անպատասխան առաջարկներ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ «Զանգեզուրի միջանցքին» համաձայնության տեսքո՞վ։ Չ՞է որ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին նույնպես դեռևս խոսք չկա, ինչը օրերս հաստատեց Փաշինյանի մեկ այլ հանցակիցը՝ Թուրքիայի հետ գլխավոր «բանակցող» Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե իբր Նիկոլին հաջողվել է տեքստից հանել ՀՀ սահմանադրության հարցը. եթե անգամ այդպես է, ապա միայն այն պատճառով, որ նա երդմնալից խոստացել է դա անել իր վերընտրվելուց անմիջապես հետո։ Ճիշտ այնպես, ինչպես որ պարտավորվել է դուրս բերել ռուսական ռազմակայանը։ Թե էլ ինչ է խոստացել Նիկոլն Ալիևին, և էլ ինչ պարտավորություններ հանձն կառնի Անկարայում Էրդողանի հետ «խորհրդակցությունների» ժամանակ, կարծում ենք, չգիտեն նույնիսկ նրա ամենահավատարիմ մտերիմները։

Քանզի իրականում նա կարող է պահպանել իր իշխանությունը միայն Էրդողանի պաշտպանության ներքո և թուրքական սվիններով։ Եվ քանզի գիտակցում է. իր համար դա իսկապես ոչ միայն իշխանության, այլև իր ու Էրատոյի ապագայի հարցն է։ Նույն կերպ էլ Էրդողանն ու Ալիևն են շատ լավ հասկանում, որ իրենց այդչափ նվիրված այլ ղեկավար Հայաստանում այլևս չի լինի։

Այնպես որ թուրքական հատուկջոկատայինների կամ ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստան՝ իրենց սիրելի Նիկոլին պաշտպանելու համար, լոկ ժամանակի հարց է։ Թե կօգնի արդյոք դա օկուպացիոն ռեժիմին և անձամբ նրան, արդեն կախված է մեզանից։