Արտակ Զեյնալյանը միաձայն ընտրվեց ՍԴ անդամ
ՀՀ արդարադատության նախկին նախարար (2018–19 թթ.), «Հանրապետություն» կուսակցության վարչության արդեն նախկին անդամ Արտակ Զեյնալյանին այսօր ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ անդամ։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 67–ը, բոլորը կողմ են քվեարկել Զեյնալյանի թեկնածությանը։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։
Նշենք, որ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի փոխարեն, որի լիազորությունները դադարեցվել էին, քանի որ նա 9 տարի ժամկետով ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։
Հիշեցնենք` 2022 թվականին Զեյնալյանը հավակնում էր դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ նրան տվեց զրո ձայն։
2023 թ. Երևանի ավագանու ընտրություններին Զեյնալյանը, գլխավորելով «Հանրապետություն» կուսակցության ցուցակը, հավակնում էր դառնալ Երևանի քաղաքապետ, սակայն կուսակցությունը չկարողացավ անհրաժեշտ թվով մանդատներ ստանալ։
ՍԴ դատավորի ընտրությանը մասնակցելու նպատակով Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը։
Sputnik Արմենիա