Գերիների հերթական «դատը» Բաքվում. հարցերին պատասխանել է Դավիթ Մանուկյանը
Այսօր Բաքվում շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հարցաքննվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարության ընթացքում, իբր, ուսումնասիրվել է նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի ստորագրած գաղտնի փաստաթուղթը: Քննարկվել են տարածքների ականապատման հարցեր։
Մանուկյանը փաստացի հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր պատերազմի մեկնարկի օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի կողմից սադրանքներ են իրականացվել։
Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա