Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են
Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ հարազատները մինչև երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։
Նկատելի է նաև անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացել է, որ որոշված է եղել Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել «Արմավիր»։ Որոշումը կայացվել է տեղափոխությունից անմիջապես առաջ։
«Արմավիր» ՔԿՀ–ում պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Sputnik Արմենիա