Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ
Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարողը՝ Փաշինյանը, հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։
Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները բնավ նոր չեն։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականությունն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։
Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։
Եվ այսպես, Հայաստանը պետք է.
- Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,
- Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավների» անվան տակ,
- Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ («Զանգեզուրի միջանցք»),
- Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ),
- Փակի Մեծամորի ատոմակայանը,
- Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր),
- Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,
- Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,
- Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան,
- Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
- Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։
Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։
Պետք է նաև ասել, որ այս պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որպեսզի ժողովուրդը խճճվի, չհասկանա ու չդիմադրի։
Հիշե՛ք այս ցանկը։ Տարածե՛ք։ Պայքարե՛նք»։