ԵԽ նախարարների կոմիտեն միջանկյալ բանաձև է ընդունել Ռամիլ Սաֆարովի գործով վճռի առնչությամբ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միջանկյալ բանաձև է ընդունել «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռով, որը վերաբերում է ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից ազգությամբ հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի՝ բացառիկ դաժանությամբ, կանխամտածված սպանությանը՝ բացառապես հայկական ազգության պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշված բանաձևով Նախարարների կոմիտեն «հորդորում է անհապաղ հաստատել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն։ Բանաձևով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը:
Նախարարների կոմիտեն որոշմամբ ներկայացված ընդհանուր միջոցառումների համատեքստում արձանագրումներ է կատարել մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար անպատժելիության վերացման, էթնիկ շարժառիթով պայմանավորված ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների ձեռնարկման առնչությամբ, ինչպես նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսել կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը Քարտուղարության հետ՝ սույն գործով անհրաժեշտ միջոցառումները լիարժեք իրականացնելու ճանապարհային քարտեզ մշակելու համար և ներկայացնել թարմացված գործողությունների ծրագիր վճռի կատարման առնչությամբ:
Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաև հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:
2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: 2022 թվականին Հայաստանն ու Հունգարիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։