Թրամփը հայտարարել է, որ Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ է տալիս դիվանագիտության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ ժամանակ տալ, որպեսզի փորձի դիվանագիտական ճանապարհով հասնել Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորմանը՝ կանխելով Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նրանց ժամանակ ենք տալիս։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ ժամանակահատվածը: Ես կասեի՝ երկու շաբաթն առավելագույնն է»,- ասել է ԱՄՆ նախագահը Նյու Ջերսի նահանգում լրագրողներին:
Նա նաև հայտարարել է, որ չի ցանկանում անգամ խոսել Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի միջամտության մասին։
Հունիսի 17-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք։
Հունիսի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ճեպազրույցի ժամանակ ընթերցել էր Թրամփի գրավոր հայտարարությունը, որում ասվում էր, որ ըստ ԱՄՆ առաջնորդի՝ Թեհրանի հետ իր միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական փոխգործակցության շանսեր կան, և երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի՞ Իրանին:
Իններորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողություններն Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
Armenia Today