Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր և իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։

Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին և որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։

Նախօրեին ՀԷՑ-ը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Հետաքրքիր է` այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացե՞լ է, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը և դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը՝ միջնորդում է, որ կալանք կիրառեն։ Մենք կապվեցինք Տիգրան Վարդապետյանի հետ, նա լսեց մեր հարցերը և ասաց՝ ես խորհրդակցության եմ, ավելի ուշ կկապվեմ, և դարձավ անհասանելի:

News.am