Գրոսի․ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները հետևանքներ կունենան նաև երկրից դուրս
ՄԱԳԱՏԷ-ն դեռևս չի կարող գնահատել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյին հասցված վնասը և պատրաստ է անհապաղ միջուկային տեսուչներ ուղարկել Իրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում տեսակապի միջոցով հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նա ասել է, որ պատրաստ է անհապաղ գնալ դեպքի վայր և բանակցել բոլորի հետ՝ միջուկային օբյեկտները պաշտպանելու և միջուկային տեխնոլոգիաների հետագա խաղաղ օգտագործման համար՝ համաձայն գործակալության մանդատին։
«Մենք դեռ հնարավորություն ունենք վերադառնալու դիվանագիտությանը, եթե չստացվի բռնությունն ու ավերածությունները կարող են հասնել անհավանական չափերի։ Իրանը, Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքը խաղաղության կարիք ունեն, և կա դիվանագիտությամբ դրան հասնելու ճանապարհ, մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ տանք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ուսումնասիրել վնասի մասշտաբները», - ասել է նա։
ԱՄՆ-ի հարվածներից հետո Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում գրանցվել են ավերածություններ, բայց օբյեկտներից դուրս ճառագայթման աճ չի գրանցվել։
«Զինված հարվածներ չպետք է իրականացվեն։ Սա կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտանետման, ինչը հետևանքներ կունենա ինչպես հարձակման ենթարկվող պետության սահմաններում, այնպես էլ դրանից դուրս։ Սա սպառնալիք է ներկայացնում մարդկային կյանքի համար»,- ասել է Գրոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Նա բացատրեց, որ Ֆուրդո օբյեկտում, որտեղ գտնվում է ուրանի հարստացման հիմնական օբյեկտը, խառնարանները տեսանելի են։ ԱՄՆ-ն այս թիրախին հարվածելու համար օգտագործել է բունկերային հրթիռներ։ Նաթանզի վառելիքի արտադրության գործարանը նույնպես հարված է ստացել։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ հարվածներ են հասցվել նաև Սպահանի միջուկային օբյեկտի շենքերին։
«Վնասված շենքերը կապված են ուրանի փոխակերպման հետ։ Այս օբյեկտում, ըստ երևույթին, հարվածներ են հասցվել նաև հարստացված նյութեր պահելու համար օգտագործվող թունելների մուտքերին», - նշեց նա։
Գրոսին նշեց, որ փաստերը պարզելու միակ միջոցը տեղում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումն է։ Նա բացատրեց, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները գտնվում են Իրանում, բայց որպեսզի նրանք կարողանան գնահատական տալ, մարտական գործողությունները պետք է դադարեցվեն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Sputnik Արմենիա