Արաղչի․ Իրանը գնահատում է ՌԴ-ի դիրքորոշումը, որը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները
Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում առկա լարվածության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա։
«Իրանի և Ռուսաստանի միջև միշտ էլ խորհրդակցություններ են անցկացվել, մենք շփվել և աշխատել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ՝ համաձայնեցնելով մեր դիրքորոշումները։ Այժմ տարածաշրջանում ստեղծված հատուկ հանգամանքները պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ստուգված, լուրջ և սերտ։ Մենք գնահատում ենք ՌԴ դիրքորոշումը, որը ամենավճռական ձևով դատապարտել է հարձակումը», – ասել է Արաղչին, որի հայտարարությունը հրապարակվել էր նրա Telegram ալիքում։
Նա նաև ասել է, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը։
«Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր մտահոգություններ և հակառակորդներ ունենք։ Մենք ունենք ընդհանուր համոզմունքներ, մենք սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար։ Ահա այսպիսի (խորհրդակցություններ - խմբ.) կանցկացվեն երկուշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ», – հավելել է իրանցի նախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հունիսի 22-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ գումարեց Իրանի պահանջով, որտեղ, սակայն, Արևմուտքի երկրները համարձակություն չգտան դատապարտել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Sputnik Արմենիա