ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԶԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԹԱԹԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և շատ պետություններ փորձում են հնարավորինս զգուշավոր լինել իրենց գնահատականներում, հնարավորինս բալանսավորված լինեն, հասկանալու համար, թե քամիները ուր են փչում, բացի այն պետություններից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներքաշված են այս գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրան–Իսրայել հակամարտությանը։
«Այստեղ ամենավտանգավորը մեզ համար լինելու է այն, որ որքան թուլանա Իրանը, այդքան մեր տարածքաշրջանում, որպես բալանսի բացակայություն, մանավանդ Ռուսաստանի որոշակի նաև բացակայության պայմաններում, միակ քաղացողը մնալու է Թուրքիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ասինքն մեծ հաշվով մենք մի իրավիճակի հետ գործում ենք, երբ և Ռուսաստանը, և Իրանը, որ ժամանակին կարողանում էին բալանսավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի դերն ու ազդեցությունը, հիմա այդ հնարավորությունը չունեն։ Ռուսաստանը զբաղված է իր խնդիրներով Ուկրաինայում, Իրանը ներքաշված է պատերազմի մեջ և այս պահի դրությամբ Թուրքիան մնացել է ամբողջ դաշտում միայնակ խաղացող և, ըստ էության, կարող է շատ արագ գործողություններ անել, որոնք կբխեն Թուրքիայի շահերից, թեկուզ իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով:
Այստեղ խոսքը, բնականաբար, նաև Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների մասին է։ Եթե Իրանը զսպող գործոն էր, այդ գործոնը այսօր մի փոքր ավելի թույլ է, քան նույնիսկ օրեր առաջ: Դրա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել, և պետք է ճիշտ հաշվարկներ անել»,– ընդգծեց Սուրեն Սարգսյանը։
Անդրադառնալով տեսակետին, որ այս պայմաններում ՀՀ իշխանություններն ասում են, որ այլընտրանք չունեն, ստիպված են երկխոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, միջազգայնագետն ասաց. «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի նախորդ երեք նախագահներն էլ ցանկություն ունեցել են Թուրքիայի հետ երկխոսելու և բավականին հեռու են գնացել այդ երկխոսության մեջ։ Ունեցել են իրենց հաջողությունները, թե առաջին նախագահը, թե երկրորդը, թե երրորդ նախագահը, որի օրոք ֆուտբոլային դիվանագիտությունը ըստ էության ի հայտ եկավ, և այս բառը երևի շատ բաներ «պարզաջրեց», շատ բաներ հասկանալի դարձան ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրության համար, թե իրականում Թուրքիան որքանով է պատրաստ Հայաստանի հետ երկխոսելու և որքանով է անկեղծ, որքանով է Ադրբեջանից կախված իր ինքնուրույնության հարցում։
Դրանք հենց բանակցություններ էին, երկխոսություն էր, քննարկումներ էին, իսկ այսօրվա մասին մենք այդ բառերը չենք կարող օգտագործել, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանը ճնշված վիճակում է, և մեծ հաշվով նրա վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում, և դա կարող է արվել ոչ միայն Անկարայի ձեռամբ, այլ նաև Ադրբեջանի ձեռամբ։
Բանակցությունները լինում են հավասար պայմաններում, եթե դրանք չեն գնում դեպի կապիտուլյացիայի։ Մենք մի անգամ ստորագրել ենք կապիտուլյացիոն ակտ և երկրորդ կապիտուլյացիան, կարծում եմ, կարող է ստորագրվել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մեծ հաշվով Հայաստանը իր բոլոր նախապայմանները պետք է հաներ, Հայաստանը ոչ չունի այլևս տալու, որովհետև ինչ ուզել են տվել է։ Այսինքն մենք գործ ունենք մի բավականին ծանր իրավիճակի հետ և համեմատելու չի այն ինչ որ տեղի է ունենում մինչև 2018-ը և ինչ որ տեղի է ունենում 18-ից հետո հայ-թուրքական հարաբերությունների մասով»,– ընդգծեց նա։
Խոսելով մեր տարածաշրջանում ԱՄՆ դերի մասին, Սուրեն Սարգսյանն ասաց. «Թրամփի գալուց հետո տպավորություն է, որ Միացյալ Նահանգները ավելի սառն են մոտենում այս տարածաշրջանին։ Թրամփի վարչակազմը ի տարբերություն Բայդենի, այդքան ակտիվ ներգրավված չէ Հարավային Կովկասում, այդ թվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների մասով։ Հիշում եք՝ ինչ ակտիվ էր Բլինքենը, մանավանդ հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում իր ներգրավվածությունը ուներ, ակտիվ էր և շատ հաճախ խոսում էր երկու պետությունների ղեկավարների հետ, փորձում էր միջնորդական ինչ-որ առաքելություն իրականացնել։ Նույնը չի կարելի ասել Թրամփի մասին, որովհետև նրա հետաքրքրությունները լրիվ ուրիշ աշխարհաքաղաքական ուղղություններով են։ Հարավային Կովկասը իր համար կարծես այդքան հետաքրքիր և կարևոր չէ, որքան այլ տարածաշրջաններ։
Այս ամենը հաշվի առնելով, մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ–ն մեր տարածաշրջանը թողել է, եթե չասենք բախտի քմահաճույքին, գոնե թողել է այլ խաղացողներին, և էս դեպքում իր ռազմավարական դաշնակիցը՝ Թուրքիան, բնականաբար հենց էն խաղացողն է, որը կարող է իրավիճակ փոխել ռեգիոնում»։
Հարցին՝ ո՞ւմ վրա կարող է հույս դնել Հայաստանը, միջազգայնագետը պատասխանեց. ««Մենք այն իրավիճակում չենք հայտնվել 2018 թվականից հետո, որ ինչ-որ մեկի վրա հույս դնենք, այդ թվում նաև մեզ վրա։ Հայաստանը կարծում եմ պարտավոր էր ռազմավարական մի դաշնակցին թողնելուց կամ հրաժարվելուց հետո պարտավոր էր այլ ռազմավարական գործընկեր կամ դաշնակից գտնել, որպեսզի կարողանար իր ամենակարևոր խնդիրները լուծել, և՛ անվտանգության տեսանկյունից, և՛ նաև տնտեսական տեսանկյունից, դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Հայաստանը ռազմավարական դաշնակից այսօր դե ֆակտո չունի։ Իհարկե թղթի վրա Ռուսաստանը շարունակում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը մնալ, բայց երկկողմ հարաբերությունները այն մակարդակի վրա չեն, որպեսզի դրանք կարողանաս կոչել ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, իսկ սա կարծում շատ լուրջ մարտահրավեր է»։