ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԻՑ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՎՏԱՆԳ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Չնայած Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելաաամերիկյան հրթիռակոծության հասցրած վնասներին, ներկա պահին փոքր է հավանականությունը, որ հնարավոր ռադիոակտիվ ճառագայթումը կհասնի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ և թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ–ն հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին` հայտարարելով, որ գործողության նպատակը Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելը կամ լրջորեն թուլացնելն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո գրանցվել են ավերածություններ, սակայն օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Նա, սակայն, զգուշացրեց, որ ռազմական գործողությունների հետագա շարունակությունը կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտանետման` Իրանի և հարակից երկրների համար վտանգավոր հետևանքներով, մարդկանց կյանքին սպառնացող վտանգներով։
«Հայաստանի ճառագայթային հետազոտությունների կենտրոնը և Ադրբեջանի համապատասխան ծառայություններն արդեն որոշակի չափումներ են իրականացրել Իրանի հետ սահմամերձ շրջաններում` Արաքս գետի հունով, և պարզել, որ ռադիոակտիվ ֆոնի որևիցե էական խանգարում չկա»,– ասաց մասնագետը։
Նա միաժամանակ չբացառեց, որ եթե իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածները շարունակվեն նաև Իրանի հյուսիսում` Հայաստանին ավելի մոտ գտնվող Թավրիզի և այլ քաղաքների օբյեկտների վրա, ապա ռադիոակտիվ թունավորման վտանգը կմեծանա։
«Երևույթը վերին աստիճան մտահոգիչ է, և, իհարկե, պետք է կողմերին կոչ անել ավելի զսպված և ավելի շրջահայաց վարք դրսևորել։ Կողմերին ասելով` նկատի ունեմ Իսրայելին և ԱՄՆ–ին»,– նշեց Մարջանյանը։
Նշենք, որ համաշխարհային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Իրանի միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի տեղափոխման մասին։
Արա Մարջանյանն Իրանի տարածքից ուրանը դուրս բերելու տարբերակը խիստ անհավանական է համարում։ Մինչդեռ Իրանի տարածքում դրա տեղափոխումը որևէ այլ վայր միանգամայն հնարավոր է համարում։ Նա շեշտում է, որ հարստացված ուրանի տեղափոխումը և անգամ հարստացված ուրանի հնարավոր արտահոսքը ճառագայթման բարձր վտանգ չեն առաջացնի։
«Հարստացված ուրանը գտնվում է գազային վիճակում, այսպես ոչված` ուրանի հեքսաֆտորիդի ձևով, և մթնոլորտի հետ անմիջական շփման ընթացքում թանձրանում և նստում է գետնի վրա։ Այնպես որ, հարստացված ուրանի մասնիկների մթնոլորտային տարածումը գրեթե անհնար է։ Մետաղական ուրանի դեպքում դա ընդհանրապես բացառվում է։ Այնպես որ, այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի համար ճառագայթման վտանգ չեմ տեսնում և դրա հավանականությունը գնահատում եմ ցածր»,– նշում է Մարջանյանը։
ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Օլգա Բելյաևան ևս ներկա պահին ճառագայթման վտանգի հավանականությունը շատ ցածր է գնահատում` հիմնվելով առկա տեղեկատվության սեփական մասնագիտական վերլուծությունների վրա։
«Եթե գործ ունենք ուրանի հարստացման օբյեկտների և հատկապես օդից ռմբակոծությունների հետևանքով առաջացած շինությունների փլուզման հետ և ոչ թե միջուկային պայթյունների, որոնք այս պարագայում չեն կարող լինել, ապա շրջակա միջավայրի համար շատ մեծ վտանգ պիտի որ չլինի»,– ասում է մասնագետը։
Ինչ վերաբերում է հնարավոր արտահոսքերի դեպքում վտանգներին, նման ուսումնասիրության համար, Օլգա Բելյաևայի մեկնաբանմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել մետիորոլոգիական ցուցիչները` քամու ուղղությունը, արագությունը, օդային զանգվածների շարժը մոտակա օրերին, խոնավության մուտքը Իրանից Հայաստան և այլն։
Ուրանի տեղափոխման վտանգների հարցում ևս Օլգա Բելյաևան համակարծիք է Արա Մարջանյանի հետ` հիշեցնելով, որ թե՛ հարստացված, թե՛ բնական ուրանի, և թե՛ ուրանի հանքաքարի տեղափոխման համար աշխարհում գործում են անվտանգության սահմանված մեթոդներ, որոնք չեզոքացնում են շրջակա միջավայրի վրա բոլոր հնարավոր ռիսկերը։
«Աղտոտում իհարկե կլինի, բայց ոչ ռադիոակտիվ աղտոտում։ Օրինակ` կարող է հրդեհի հետևանքով օրգանական աղտոտում լինել։ Բայց ուրանից ռադիոակտիվ աղտոտման մասին մենք պետք է որ չխոսենք»,– կարծում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է գրունտային կամ մակերեսային ջրերի միջոցով ռադիոակտիվ նյութերի հնարավոր ներփթափանցմանը, այստեղ ևս, Օլգա Բելյաևայի խոսքով, ռիսկը գրեթե զրոյական է, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը Իրանից բարձր է և ջրերը հոսում են Հայաստանից Իրան, ոչ թե հակառակ ուղղությաբ։
Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգայի բաժնի ղեկավարը Sputnik Արմենիային նաև հայտնեց, որ իրենց կենտրոնի 2 դիտակայանները` Արագածի և Երևանի, մինչ այս պահը ռադիոակտիվ ֆոնի բարձրացում չեն գրանցել։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ևս հայտարարել էր, որ 24/7 ռեժիմով կատարվող դիտարկումները հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն արձանագրել։