Արսեն Բաբայան․ Չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի

Հայաստանի Հանրապետությունը մեր ազգային պետականության էպիկենտրոնն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Սահմանադրությամբ տրված ուխտը դրժած, բարոյապես և պետականապես այլասերված, անգամ հասարակ քաղաքացիների համար անընդունելի ու արգահատելի վարք ու բարք ունեցող մարդկանց ղեկավարության ներքո, նշանակում է՝ կասկածի տակ է դրված մեր պետականության էությունը։

Ես Հայաստանի Հանրապետության գիտակից ու պարտաճանաչ քաղաքացի եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր պետական խորհրդանիշին, հայրենասիրությամբ է լսում մեր հիմնը, հավատքով մասնակցում ընտրություններին, պահանջում օրենքի գերակայություն և ամեն օր մտահոգվում է երկրի ապագայով։

Եվ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։

Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, յուրաքանչյուր բարոյական քաղաքական գործիչ պետք է զատվի որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաների իշխանամոլ, կոռումպացված և պետական դավաճան վարքից և Հայաստանի Հանրապետությունում վերահաստատի այն բարոյական ու իրավական հրամայականը, որ սահմանված է Սահմանադրությամբ և ժողովրդի կամքով։ Այլընտրանք չկա։

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասեր քաղաքացիներին և պետական ծառայությանը հավատարմությամբ նվիրված բոլոր պաշտոնյաներին հորդորում եմ հստակ ձևակերպել իրենց պահանջը, այն է՝ Ազգային ժողովը և կառավարությունն ազատել այս իշխանության լկտի և կործանարար ներկայությունից»։

News.am