ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն այս տարի կստանա ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դափնեկրի անունը հայտարարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց՝ 15 տարի առաջ «Synopsys»-ի սկսած նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը նպաստելուն:
«Այս մրցանակը նաև բիզնեսի և պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբ դիրքավորելուն։ Եվ ամենակարևորը՝ այն նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը: 2009 թվականին կնքվեց համաձայնագիր, որի հիման վրա ստեղծվեց այս մրցանակաբաշխությունը և 2010 թվականին մենք ունեցանք առաջին հաղթողին:
Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ այս մրցանակաբաշխությունը կկայանա։ Ես ամեն տարի ասելու եմ սա, որպեսզի շեշտեմ այն անհավանական իրադարձությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել այս մրցանակաբաշխության միջոցով: Եվ այս տարի աշնանը մենք հյուրընկալելու ենք մեր 16-րդ դափնեկրին, որին անհամբեր սպասելու ենք»,- ասաց Մուսայելյանը:
Նա նշեց՝ այցելությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-16-ը, նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը մրցանակը դափնեկրին կհանձնի հոկտեմբեի 15-ին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը շատ կարևոր է ՀՀ կառավարության համար, քանի որ Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական տարածաշրջանային հաբ, կարող է և պետք է գնահատանքի դրսևորում ունենա տեխնոլոգիական հսկաների հանդեպ:
«Սա մի գեղեցիկ և կարևոր միջոցառում է, որով Հայաստանի կառավարությունը, տեխնոլոգիական համայնքը և հովանավորները իրենց հիացմունքն են հայտնում տեխնոլոգիական հսկաներին՝ ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի և ներդրման համար: Մյուս կարևորագույն պատճառն այն է, որ սա նաև հնարավորություն է տալիս մրցանակակիրներին ավելի լավ ճանաչել Հայաստանը, որովհետև այս իրադարձության կարևոր նախապայմանն է, որ մրցանակակիրները պետք է մրցանակը ստանան Հայաստան այցելելու միջոցով։ Սա լավ առիթ է Հայաստանը իր տեխնոլոգիական մեծ ներուժով տեսնելու, ճանաչելու համար»,- ասաց նախարարը:
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ Viva-ն իր հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների կողքին է և պատահական չէ, որ հիմնադրման օրվանից ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։
«Այս տարի մեծ ուրախությամբ պատրաստվում ենք ընդունել Վինսենթ Ռոշին, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջատար «Analog Devices» ընկերությունը հասավ նոր մակարդակի։ Վստահ ենք, որ նրա այցը Հայաստան կարևոր ոգեշնչման աղբյուր կդառնա արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար, իսկ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը»,-ասաց Ավետիսյանը։
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է «Synopsys» ընկերությունը։ Մրցանակաբաշխությանն աջակցում է ՏՀՏ Գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI) գլխավոր գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է և անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Վինսենթ Ռոշն ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը՝ կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։
Վինսենթ Ռոշը ADI-ի երրորդ գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի երկրորդ նախագահն է։ Նա ADI-ում իր կարիերան սկսել է 1988 թվականին, 2012 թվականին դարձել է ընկերության նախագահ, 2013 թվականին նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2022 թվականին ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ։