ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի համար ՀՆԱ-ի 5.5% աճ է կանխատեսում, 2026 թվականին` 5.3%

Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) առաջիկա տարիներին Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսում։ Բանկի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ 2025 թվականին երկրի տնտեսությունը կաճի 5.5%-ով, 2026 թվականին 5.3%-ով, իսկ 2027 թվականին 5.0%-ով։

Նշենք, որ այս գնահատականները նախորդ կանխատեսումների համեմատ մի փոքր ավելի բարձր են։

Կանխատեսումների վերանայման վրա ազդած գործոնների թվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի թարմացված գնահատականները, որն այժմ 5% աճի տեմպը (նախկինի 4–4.5%-ի դիմաց) նորմալ է համարում տնտեսության համար։ Սա պայմանավորված է նաև արդյունավետության աճով, որի վրա ազդել է նաև 2022 թվականից հետո ռելոկանտների հոսքը: Ակնկալվում է, որ հետադարձ հոսքը կլինի աստիճանական, ինչը տնտեսությանը ժամանակ կտա ադապտացվելու համար։

Ինչ վերաբերում է գնաճին, 2023-2024 թվականներին այն ցածր էր (մոտ 1% կամ ավելի ցածր, երբեմն՝ բացասական): Վերջին ամիսներին գնաճը մեծացել է և, ըստ ԵԱԶԲ մասնագետների, կմնա ներկայիս մակարդակում (մոտ 3% կամ մի փոքր ավելի բարձր)՝ պայմանավորված համաշխարհային սննդամթերքի գների աճի վերականգնմամբ, ինչպես նաև համեմատաբար ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը Կենտրոնական բանկն աստիճանաբար իջեցրել է վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ տնտեսությունը խթանելու համար։

ԵԱԶԲ վերլուծաբանների կարծիքով՝ 2025, 2026 և 2027 թվականներին (տարեվերջի դրությամբ) գնաճը կլինի 3.1%, 3.0% և 2.5% մակարդակում (Կենտրոնական բանկի նպատակային միջակայքը 2025 թվականից ի վեր 3 +/- 1% է):

Դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը, կանխատեսման համաձայն, չափավոր թուլացում կդրսևորի` 2025 թվականին կանխատեսվում է մեկ դոլարի դիմաց 392 դրամի մակարդակում, իսկ 2026-2027 թվականներին՝ 402-403 դրամի մակարդակում։ Սա պայմանավորված կլինի տոկոսադրույքների նվազմամբ, ինչը դրամով ներդրումները կդարձնի պակաս գրավիչ, ինչպես նաև ներմուծման աճով՝ կայուն ներքին պահանջարկի ֆոնին։

Հնարավոր ռիսկերի շարքում ԵԱԶԲ վերլուծաբանները նշել են աշխարհաքաղաքական անբարենպաստ սցենարների հավանականությունը։ Այս դեպքում կարող են ուժեղանալ գնաճային ճնշումները, նվազել արտաքին պահանջարկը (այդ թվում` զբոսաշրջության ոլորտում) և աճել հայկական ակտիվների ռիսկի պարգևավճարը։

Sputnik Արմենիա