Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն աջակցել է Իրանին «իր հստակ դիքորոշմամբ»
Կրեմլը հերքել է որոշ պնդումներ այն մասին, որ Ռուսաստանը չի կարողացել պատշաճ կերպով աջակցել Իրանին, և հայտնել է, որ նման հայտարարությունների նպատակը Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները փչացնելն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
«Այժմ շատերն են ցանկանում յուղ լցնել կրակի վրա՝ Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերային հարաբերությունները փչացնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ»,- նշել է նա։
Անդրադառնալով Իրանի տարածքին իսրայելական և ամերիկյան հարվածների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման և Բաշար Ասադի անկման հետ կապված ՝Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ զուգահեռների վերաբերյալ տարբեր քննարկումներին՝ Կրեմլի խոսնակն ասել է. «Այո, իհարկե, այդ քննարկումները եղել են և կլինեն, դրանք անխուսափելի են»։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ «Իրանը, որպես Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունեցող երկիր, ունի հստակ ակնկալիքներ և դիրքորոշում Մոսկվայի ակտիվ դերակատարման վերաբերյալ՝ թե՛ բազմակողմ մակարդակում, մասնավորապես՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե՛ տարածաշրջանային մակարդակում»։
News.am