Երմոլովիչ․ ԵՏՀ-ն ՌԴ պետգնումների շուկայի հասանելիության ուղիներ կառաջարկի ԵԱՏՄ երկրներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը) մտադիր է մեխանիզմներ առաջարկել միության երկրներից Ռուսաստանի պետական գնումների շուկա ապրանքների մուտք գործելը պարզեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում պետական գնումների ընդհանուր շուկան 140-150 մլրդ դոլար է գնահատվում։ Սակայն այդ ծավալի 1%-ից պակաս են կազմում միության ներսում փոխադարձ մատակարարումները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր գնումների մոտ կեսը ծածկվում է ներմուծման հաշվին։ Այսպիսով, ընդգծել է Երմոլովիչը, երրորդ երկրներից ներմուծումը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալը։
Եվրասիական հնգյակից ամենամեծ շուկան ռուսականն է։ Սակայն վերջին տարիներին ՌԴ արդյունաբերական քաղաքականությունը ուղղված է նրան, որ տեղական պետական գնումների ժամանակ արտոնյալ ռեժիմը ստանան տեղական արտադրության ապրանքները։ Որպեսզի այս մեխանիզմը խոչընդոտ չդառնա միության մյուս երկրների ապրանքների համար, ԵՏՀ-ն առաջարկել է արտոնյալ պայմանները տարածել ԵԱՏՄ-ի բոլոր ապրանքների վրա։ Այդ նպատակով արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյան է մշակվել։
Առաջարկվում է նաև, որ ապրանքների տեղական ծագումը սահմանող միասնական կանոնները տարածվեն միության բոլոր երկրների ապրանքների վրա։
Պետական գնումների ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհին նաև տեխնիկական խոչընդոտներ կան։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրները դեռ չեն ճանաչում միմյանց բանկային երաշխիքները, իսկ նման երաշխիքը պարտադիր պայման է պետական գնումների ընթացակարգերին մասնակցելու համար։ Փոխադարձ ճանաչման նախադեպեր արդեն իսկ կան. նման պրակտիկա է կիրառվում, օրինակ, Հայաստանում։ ԵՏՀ-ի կարծիքով` այն պետք է տարածվի միության բոլոր հինգ երկրների վրա։
Ավելի բարդ խնդիր է շարունակում մնալ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը։ Հանձնաժողովն արդեն պատրաստել է համապատասխան կանոնները՝ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների համաձայն, սակայն նման ստորագրությունների կիրառման միասնական տեխնիկական չափորոշիչները դեռևս համաձայնեցված չեն։ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն իրականացնում են այս գործընթացը, և նրանց փորձը, ինչպես նշեց Երմոլովիչը, կարող է հիմք հանդիսանալ ամբողջ միության շրջանակներում կոնսենսուսային որոշման համար։
Sputnik Արմենիա