«Ռիո Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին

«Ռիո Մոլի» ողջ անձնակազմն իր աջակցությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնի աշխատակազմը։

«Պետության համար ճակատագրական պահերին Սամվել Կարապետյանը միշտ կանգնած է եղել բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

«Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի անկոտրում հայրենասիրական միտքը անպարտ կմնա: Հայոց աշխարհը ուժեղ է, քանի դեռ կան հայ ազգի նվիրյալներ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց համար, այլ՝ ժողովրդի, հայրենիքի և հավիտենական արժեքների»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր Սամվել Կարապետյանին։

Sputnik Արմենիա