Իրանում հունիսի 13-ից Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել

Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարգանդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նրանց մոտ 95%-ը մահացել է փլատակներում, շուրջ 5%-ը հիվանդանոցներում մահացած վիրավորներն են։

Ինչպես հայտնում է Newsru.co.il-ն՝ Իսրայելում հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 1000-ը տուժել է:

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։

Armenia Today