Փաստաբան․ Սամվել Կարապետյանի տան մոտից առգրավված մեքենաները դեռ չեն վերադարձվել տերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 17-ին գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացված խուզարկությունների ընթացքում տան շրջակայքից ոստիկանների կողմից առգրավված 50 մեքենաները դեռևս չեն վերադարձվել իրենց սեփականատերերին. իրավապահները ո´չ առգրավման պահին են որևէ հիմնավորում ներկայացնել, ո´չ հիմա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

 


«Խոսքը ոչ միայն տան մոտից առգրավված մեքենաների մասին է, այնտեղ կան մեքենաներ, որ տնից մինչև 1 կմ հեռավորության վրա են գտնվել: Պատշաճ տեղում կայանված մեքենաներն ուղղակի առգրավել են` առանց պատշաճ հիմնավորում ներկայացնելու կամ փաստաթղթավորում իրականացնելու: Ընդ որում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող տարբեր տարածքներ են տարել: Բոլոր քաղաքացիների զանգերին պատասխանում են, որ կա´մ պետք է ստուգում իրականացվի, կա´մ զննություն, կա´մ խուզարկություն: Անգամ ասում են` պետք է ստուգել` մեքենան հետախուզման մեջ է գտնվում, թե ոչ: Սա ոչ օրինաչափ վարքագիծ է: Այսինքն ոստիկանությունը ուղղակի խլում է մարդու գույքը, և որևէ գործողություն չի իրականացնում»-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ որոշ դեպքերում մեքենաներն առգրավելու ընթացքում ոստիկանները հարվածել են մեքենաների սեփականատերերին:

«Պետք է տեսագրություններ լինեն, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները բարձրանում մեքենաների վրա, մարդկանց պառկացնում են գետնին: Ընդ որում, սա արժանապատվության նվաստացման ամենացայտուն դեպքերից է, երբ մարդուն փորձում են «փռել ասֆալտին»: Սա նախապես ծրագրավորված օպերացիա է եղել։ Այս իրավիճակը ապացուցում է, որ այս պահին ՀՀ–ում օրինականությունը զրո է, սեփականության նկատմամբ հարգանք չկա, քաղաքացիների արժանապատվությունն էլ որևէ արժեք չունի։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը ոտնահարում է մարդկանց իրավունքները, ընդ որում, հասկանում ենք, որ սա գալիս է կառավարությունից։ Կառավարական հայտնի sms–ներից հետո այսպիսի գործողություններ սկսվեցին, սա նշանակում է, որ կառավարությունն է հրահրում այսպիսի վարքագիծ, անգամ ողջունում է բռնի վարվելակերպը»,-հավելեց Հայրապետյանը` նշելով, որ այս օրերին մի քանի փաստաբաններ դիմում-բողոքներ են ներկայացրել ոստիկանություն, որոնք անարձագանք են մնացել:

Լրագրողի հարցին՝ մեքենաների առգրավումն ու օրեր շարունակ առանց հիմնավորումներ ներկայացնելու դրանք տուգանային հրապարակում պահելը Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշում գործելու միջոց կարելի՞ է համարել, հաշվի առնելով, որ դրանք առգրավվել են խուզարկությունների իրականացման ժամանակահատվածում, փաստաբանը պատասխանեց.

«Իհարկե։ Իրավաբանության մեջ այսպիսի ձևակերպում կա՝ անուղղակի դիտորդ։ Սովորական քաղաքացու համար ակնհայտ է, որ սա ուժի ցուցադրություն է, կամ ահաբեկելու միջոց։ Քաղաքացիների սեփականությունը խլելով փորձում են ցույց տալ, որ իրենք ամենակարող են, և պետք է մարդկանց «փռեն ասֆալտին»։ Սա հանցագործության գագաթնակետն է։ Սրանով կառավարությունը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգը տապալված է, որովհետև ակնհայտ է՝ ճնշում կա դատական իշխանության վրա։ Վերջին 35 տարվա մեջ այնպիսի դատական ակտ չէր եղել, ինչպիսին տեսանք Սամվել Կարապետյանի պարագայում»։