Իրանի նախագահն ամփոփել է «12-օրյա պատերազմը». միջուկային ծրագիրը կշարունակվի
Իսրայելը հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ չի կարողացել հասնել իր նպատակներին և դրա համար բարձր գին է վճարել: Այդ մասին Իսլամական Հանրապետության բնակչությանը հղած ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Թեև մեր սիրելի մի շարք քաղաքացիների, կանանց և երեխաների, գիտնականների և հրամանատարների զոհվելը, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքների վնասումը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար՝ Իսրայելի կրած վնասը, չնայած նրա կոշտ քարոզչությանը և լրատվամիջոցների գրաքննությանը, աներևակայելի էր: Իսրայելը չի կարողացել հասնել միջուկային օբյեկտների ոչնչացման և հասարակական անկարգությունների հրահրման իր չարաղետ նպատակներին»,-ասված է Փեզեշքիանիի ուղերձում, որը հրապարակվել է Իրանի նախագահի մամուլի ծառայության կայքում:
Փեզեշքիանը իսրայելա-իրանական դիմակայությունն անվանել է «պատմական և մեծ» և հայտարարել «մտացածին պատճառներով պատերազմ սկսած» Թել Ավիվի հետ «12-օրյա պատերազմի» ավարտի մասին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության ժողովուրդը համախմբվածություն և ամբողջ երկրում կյանքը կարգավորելու պատրաստակամություն է ցուցաբերել:
Իրանի Ատոմային Էներգիայի գործակալությունն էլ հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը կշարունակի առանց դադարների։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
Sputnik Արմենիա