ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ, «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ» ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ԷՐԴՈՂԱՆԸ ԳՈՀ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԼԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

Լինելով «միջուկային պատերազմի օջախից երկու քայլ հեռավորության վրա»՝ իշխանության կողասրահներում ծրագրեր են կազմում, թե ինչպես են Փաշինյանի «սրտի օլիգարխներ» Նարեկ Նալբանդյանն ու Խաչատուր Սուքիասյանը «մեջ-մեջ անելու» Սամվել Կարապետյանի բիզնեսները դրանց «ազգայնացումից» հետո։

«Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, որոնք Հայաստանի դեմ այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած։ Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ։ Ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, թե տիրապետում է «հիբրիդային ռիսկերի կառավարման բոլոր լծակներին»: 44-օրյա պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նա հայտարարեց, թե «տիրապետում է գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հմտություններին»։ Վերջին շրջանում իշխող վերնաշերտի պարագլուխը հաճախ է գործածում «հիբրիդային պատերազմ» մոդայիկ տերմինը, որպեսզի շեղի զանգվածների ուշադրությունը կոնկրետ փաստերից, որոնք վկայում են, որ նա գիտակցաբար տանում է երկիրը դեպի քաղաքացիական պատերազմ։ Այդ պատերազմը վերջին կետը կլինի հայոց պետականության կործանման գործընթացում, այլ կերպ ասած՝ 2018-ի գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի նպատակը կիրականացվի:

Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքում ակնհայտ դարձավ, որ իշխող վերնաշերտի պարագլխի տերը գոհ է հայկական պետականության կործանման պլանային գործողության ընթացքից։

Ինքնիշխանության և անկախության ամրապնդման կարգախոսի ներքո Հայաստանն ապրում է ինտերվենցիայի (զավթախուժման) ամենաբարդ փուլը։ ՔՊ-ի քարոզչությունը 7 տարի շարունակ Ռուսաստանին է վերագրել ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձերը, և այսօր էլ խոսքը բացառապես Մոսկվայի «ուղղորդող» և «ցուցանող» ձեռքի մասին է։ Նույն այդ ժամանակ Բաքվի թելադրանքով գրվում է նոր սահմանադրության տեքստ՝ նախաբանում Հայաստանի Անկախության հռչակագրին հղման բացառումով։ Անկարայի թելադրանքով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանվել է Արևմտյան Հայաստանում 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգիծը: Առաջիկայում զինանշանի վերանայումն է՝ ՀՀ պետական խորհրդանշաններից Արարատ լեռան պատկերը բացառելու նպատակով։

Ինտերվենցիան բազմակողմանի երևույթ է։ Մեր դեպքում ակներև են Ռուսաստանի դեմ Անտանտի արշավի (1918-1920) նշանները։ Բավական է հիշել զորք մտցնելու Էրդողանի փորձը՝ 2021 թվականի փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի 40 գեներալների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո։ Նրանց հայտարարությանը սատարեցին այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Էրդողանի ծրագրերին խանգարեց ԱՄՆ պետդեպարտամետի արձագանքը, որը հերքեց ՀՀ-ում ռազմական հեղաշրջման առկայության մասին լուրերը։

Գերմանա-իտալական զավթախուժումն Իսպանիա (1936-1939) իսպանացի ժողովրդին պարտադրեց Ֆրանկոյի արյունալի ռեժիմը, իսկ Հայաստանում 2018թ. ԱՄՆ ԿՀՎ հատուկ գործողությունը կրկնեց «վարդերի», «մայրիների» հեղափոխության և ուկրաինական Մայդանի նշանները։ Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարներով իրականացված այդ հատուկ գործողությունն իշխանության բերեց Փաշինյանի թուրք-ադրբեջանական խամաճիկային ռեժիմին, որն անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի հանձնման ծրագրի իրականացմանը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի ներքո։ Այսօր ռեժիմը ավարտին է հասցնում հայոց պետականության կործանումը ինքնիշխանության և անկախության ամրապնդման կարգախոսով:

Անգլո-ամերիկյան իմպերիալիստների զավթախուժումը Հունաստան և Կորեա, ձախողված Ամերիկյան ինտերվենցիան Չինաստան անդրադարձան 21-րդ դարի համանման երևույթների վրա։ Մեր օրերում ինտերվենցիան միշտ չէ, որ սահմանափակվում է զորքեր մտցնելով, թեև Հայաստանում 2021 թվականի մայիսի 12-ից և 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո ակներև է սողացող բռնազավթումը։ Ամեն տարի ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցնում ռազմավարական նոր բարձունքներ ու դիրքեր։ 2024թ. մայիսի 24-ին լուծարվեց Տավուշի սահմանային ամրաշրջանը։ 3-րդ բանակային կորպուսը հեռացավ 24 դիրքերից։ Ավելի քան 240 քառ.կմ ներկայումս գտնվում է զավթիչների վերահսկողության տակ։ Սա խամաճիկային ռեժիմի կողմից ինքնիշխանության և անկախության «ամրապնդման» ամենավառ վկայությունն է։

Բավական է հիշել Փաշինյանի այն ցինիկ հայտարարությունը, թե «կորցնելով Արցախը՝ հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց»։ Օրերս խորհրդարանի ամբիոնից նա հայտարարեց, որ իսկական վարչապետ է դարձել միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ մինչ այդ եղել է ֆորպոստի վարչապետ։ Նշված օրը Փաշինյանը, հիշեցնեմ, ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այժմ անուղղակիորեն հաստատեց, որ այդ ճանաչումը հակասում էր Ռուսաստանի շահերին։ Նույն այն Ռուսաստանի, որին ռեժիմը մեղադրում է «Արցախը Հայաստանից խլելու, Ադրբեջանին տալու» մեջ։

Ինտերվենցիան դաժանորեն ճնշում է դիմադրության չնչին իսկ փորձերը: Փաշինյանը կատարում է Էրդողանի հրահանգները՝ որպես քող օգտագործելով ԵՄ-ին անդամակցության գաղափարը, ինչը վերջերս ձևակերպվեց օրենքի տեսքով, որը, անկասկած, այդպես էլ կմնա թղթի վրա։

Ցեղասպան պետությունների առաջնորդների դրդմամբ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հիմնավորեց սեփական (անձնական) միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերին։ Կարապետյանի կալանավորումը կոչված էր հերթական անգամ ցույց տալ ժողովրդի անզորությունը խամաճիկային ռեժիմի ղեկավարի կամայականությունների դեմ։

21-րդ դարում ինտերվենցիան տարբեր բնույթ է կրում (ֆինանսական, արժութային, ապրանքային և այլն)։ Փաշինյանը չի դադարում կրկնել, որ իր ռեժիմը դիմակայում է «հիբրիդային պատերազմին», որը Հայաստանի դեմ սանձազերծել են «Ռուսաստանի և այլ երկրների որոշ շրջանակներ»։ «Այլ երկրներ» ասելով նկատի ունի Բելառուսը։

Իրականում ազգային ինքնության եվ արժեքների դեմ հիբրիդային արշավն ազդարարեց 2018թ. հոկտեմբերի 25-ին Երևան ժամանած այն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» իր կոչով: Հետագա հրահանգները Փաշինյանը ստանում էր իր «կիրթ» և «կառուցողական տրամադրված» տերերից։ Դրանք ընդհանրացված են «իրական Հայաստանի» հայեցակարգում։ Ընդ որում ռեժիմի քարոզչամեքենան չի դադարում մեղքն անմեղի վրա բարդել։

Արդեն հիշեցրել են, որ 1993թ. մարտի 13-ին Փարիզի «Կրիլոն» հյուրանոցում նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպեց «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Ա.Թուրքեշի հետ։ Հիշել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած «հայ-թուրքական արձանագրությունները»։ Ուզում եմ նշել, որ այն ժամանակ Արցախում հայեր էին ապրում, իսկ Հայաստանի տարածքը բռնազավթված չէր։

Էրդողանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել հայոց պետականության կործանման եզրափակիչ փուլին։ Ցեխ են շպրտում բոլորի վրա. երեք նախագահներից մինչև զոհված հերոսների ծնողներ ու Ամենայն Հայոց Կաթողիկոս, վարկաբեկվում են պետական ինստիտուտները. բանակից մինչև խորհրդարան։

Ինտերվենցիան և «հիբրիդային պատերազմը» իշխող ռեժիմի նախաձեռնությամբ սանձազերծված են հայ ժողովրդի, նրա պետական տարածքի, ինքնության և հավատքի դեմ։ Մոտ է քաղաքացիական պատերազմը՝ որպես պետության պլանավորված ոչնչացման վերջին փուլ։ Այդ ծրագրի իրականացմանը կարող է խանգարել միայն Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ Իշխանության կուլիսներում արդեն փորձում են գուշակել, թե ձգան կդառնա՞ արդյոք Կարապետյանի կալանավորումը քաղաքացիական պատերազմի համար, և ի՞նչ ժամկետներում է պետք խեղդել դա արյան մեջ, որպեսզի կանխավ վերացվի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրման ցանկացած խոչընդոտ:

Ցանկացած զանգվածային դիմադրություն խամաճիկային ռեժիմին, բնականաբար, վերագրվելու է Հայաստանն իր ազդեցության ուղեծիր վերադարձնելու Կրեմլի փորձերին, մինչդեռ Փաշինյան-Էրդողան հանդիպումը ողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքնիշխանության և անկախության ամրապնդման կարգախոսի ներքո Հայաստանը թևակոխել է պետականության կործանման վերջնական փուլ։