Իրանի ԱԳՆ․ Թեհրանը հրադադարի որևէ համաձայնագիր չի ստորագրել Թել Ավիվի հետ

Իրանը Իսրայելի հետ հրադադարի մասին ոչ մի համաձայնագիր չի ստորագրել։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն։

Նրա խոսքով՝ իսրայելական ագրեսիայի դադարեցումից հետո Իրանը պատասխան հարվածներ չի հասցրել։

«Այն, ինչ տեղի ունեցավ, սիոնիստների կողմից ագրեսիայի դադարեցում էր, և դրան զուգահեռ Իրանը, պահպանելով պատրաստականությունը, ոչ մի հարձակում չի իրականացնի», - իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում «Mehr» գործակալությունը:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:

Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։

Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:

Sputnik Արմենիա