Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Գարեգին Երկրորդին. ի՞նչ են քննարկել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի»,– գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում:

Տեր–Պետրոսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարտության մարմնավորում է. նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Նշենք, որ Տեր–Պետրոսյանը հունիսի 7-ին գնացել էր Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ–ին։

Sputnik Արմենիա