Բագրատ Սրբազանն ու նրա աջակիցները դատարանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին Բագրատ Սրբազանն ու նրա աջակիցները դատարանում են։ Թեև դատավարությունը դեռևս չի մեկնարկել, Բագրատ Սրբազանի աջակիցներն արդեն հավաքվել են դատարանի բակում։

 


Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը ևս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաև մի շարք ձայնագրություններ է հրապարակել։