ՍՅՈՒՆԻՔԸ ՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

Հունիսի վերջին-հուլիսի սկզբին Մեղրիում տեղի կունենան ՔՊ տարածքային ստորաբաժանման խորհրդի ընտրությունները։ Խորհուրդը կընտրի նախագահ, որը կդառնա 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 դիրքերի համար քվեարկության օրակարգով ՔՊ նախընտրական համագումարի պատվիրակ: Մեղրիում ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ է համարվում քաղաքային համայնքի գործող ղեկավար Խաչիկ Անդրեասյանը: Լայն հասարակայնությանը վերջինս հայտնի է նրանով, որ զբաղեցնելով այդ պաշտոնը Սամվել Բաբայանի Լիբերալ կուսակցության քվոտայով՝ անմիջապես անցավ ՔՊ շարքերը, լինելով (ուշադրությո՛ւն) Երկրապահ միության Սյունիքի նախկին պատասխանատուն։ Անդրեասյանը շատ արժեքավոր կադր է. 4 տարի առաջ քաղաքապետի պաշտոնում իր առաջադրումը նա բացատրեց Մեղրիի անվտանգության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտությամբ

Այժմ քաղաքապետը հավակնում է կուսակցական բարձր պաշտոնի, որը թույլ կտա իրեն կրկին առաջադրվել նույն պաշտոնում, բայց արդեն ՔՊ ցուցակի վերին հորիզոնականում: Մեղրիի ավագանու նախորդ ընտրությունները, հիշեցնեմ, տեղի ունեցան 2021 թվականի հոկտեմբերի 17-ին։ Նույն օրը թեժ պայքար ծավալվեց Գորիս, Տաթև և Տեղ համայնքների համար։ Անդրեասյանը հաղթեց գլխավորապես այն պատճառով, որ ԵԿՄ-ից էր և ՔՊ անդամ չէր։ Որոշակի ժամանակից ի վեր Սյունիքի քաղաքային և գյուղական բոլոր համայնքները գտնվում են Փաշինյանի և ՔՊ վերնաշերտի հատուկ ուշադրության կենտրոնում:

Կառավարության հունիսի 12-ի նիստում Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանն ունի «եզակի պատմական շանս»: Նա նույնիսկ ուրվագծեց 100 տարվա տեսլականը: Ընդ որում իշխող վերնաշերտի պարագլուխն ընդգծեց, որ «հին ռիսկերը չեն վերացել», բայց հասկացրեց, որ ինքն ունի դրանց «կառավարման լծակները»: Հենց նույն օրը սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում, իսկ ուղիղ մեկ օր անց Երևանում արդեն փորձում էին գուշակել՝ կօգտվի արդյոք Ալիևը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայից Սյունիքի վրա հարձակվելու համար, թե՞ ոչ։

Հունիսի 12-ին Փաշինյանի արած հայտարարությունները ցույց տվեցին, որ իշխող վերնաշերտի պարագլուխը չի տիրապետում իրավիճակին։ Նրան չէին զեկուցել նախապատրաստվող ագրեսիայի մասին, չէին տեղեկացրել Սյունիքի գլխավերևում կախված նոր ռիսկերի վերաբերյալ։ Հակառակ դեպքում նա դժվար թե անդրադառնար «կառավարման լծակներին», քանզի տարածաշրջանում ռազմական իրադարձությունների ծնած ռիսկերը որակապես նոր մոտեցումներ ու լուծումներ են պահանջում։ Սրանք 2003թ. ամերիկա-անգլիական ինտերվենցիայի շրջանակներում Իրաքի ռմբակոծությունները չեն, երբ պատերազմը, պատկերավոր ասած, Հայաստանից «կողքի թաղամասում» էր, սրանք արդեն հարվածներ են «հարևան փողոցին»:

Միջազգային ողջ հանրության սևեռուն ուշադրությունը առաջին իսկ րոպեներից գրաված իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ ահապաղ հրավիրելու, սահմանային ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Փաշինյանն ավագ դստեր՝ Մարիամի հետ մեկնեց Պրահա, իսկ ԶԼՄ-ներ սկսեցին գուշակություններ անել Թուրքիա կատարելիք նրա այցի օրակարգի մասին։

Հայտնի է, որ Իսրայելը Իրանին հարվածներ է հասցրել նաև հենց Իրանի տարածքից։ Խոսքն այն շրջանների մասին է, որտեղ իսրայելական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ իրենց գործակալական ցանցն են ձևավորել դիվերսանտներից, որոնք կատարել են բարձրաստիճան զինվորականների և միջուկայնագետ գիտնականների ֆիզիկական վերացման հատուկ առաջադրանքներ։ Իրանում արդեն մահապատժի են դատապարտվել իսրայելական հատուկ ծառայությունների վնասազերծված գործակալները: Այս փաստը հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ պետական սահմանի 5 ուղղություններով հայկական ստորաբաժանումներին հարվածներ են հասցվել նաև ներսից։ Ադրբեջանցիները հայկական դիրքերին հարվածում էին բուն Հայաստանի տարածքից, ավելի ճիշտ՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր զավթած դիրքերից։ Ագրեսիայի ուղղությունները հայտնի են. Գորիս, Կապան, Իշխանասար, Սոթք, Ջերմուկ։ Իրանում օրերս վնասազերծել են մի ամբողջ ձեռնարկություն, որտեղ իսրայելցի լրտես-դիվերսանտները զբաղվում էին դրոնների պատրաստմամբ։

Իսրայելական ագրեսիայից մոտ տասը օր առաջ (հունիսի 1-3) Գորիսում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական համաժողով, հունիսին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Ավելի վաղ Սյունիքում բացվել էր Իրանի հյուպատոսությունը։ Իր հյուպատոսության բացման ուղղությամբ ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Փաշինյանի ուշադրությունը նույնպես վերջին շրջանում սևեռված է Սյունիքի վրա, սակայն ոչ թե ադրբեջանական կողմից մշտական գնդակոծությունների պայմաններում անվտանգությունն ապահովելու, այլ 2026թ. ընտրություններում ՔՊ-ի համար ձայներ ապահովելու նպատակով: Բացառված չէ, որ Փաշինյանը պայմանավորվի Ալիևի հետ, որպեսզի վերջինս դադարեցնի գնդակոծությունները քարոզչության և քվեարկության ժամանակ: Նման պայմանավորվածություն, հիշեցնեմ, ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների նախաշեմին։

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մշտապես այցելում են մարզ՝ կրթական դասախոսություններով։ Զուգահեռաբար կապեր են հաստատում տեղական մակարդակի ղեկավարների հետ՝ փորձելով իրենց կողմը գրավել նրանց, ովքեր կարող են օժանդակել ՔՊ-ի հաղթանակին։ Բազմիցս հաղորդվել է Կապանի քաղաքապետի պաշտոնում «անվստահելի» Գևորգ Փարսյանին փոխարինելու փորձերի մասին:

Ռեժիմի կողմն է անցել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, համանման տեղեկություններ են ստացվում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասին: 2021 թվականի ընտրություններում նրա ՔՊ-ական մրցակից Վլադիմիր Աբունցն այժմ զբաղեցնում է Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական աշխատանքների վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ընտրություններում նա պարտվեց Առուշանյանին, երբ Մեղրիի մաքսատան պետն էր (2019-ից), ինչը հարուցեց իշխող վերնաշերտի պարագլխի դժգոհությունը։ Այնուհետ նրան նշանակեցին հիշյալ վարչության պետ, որից հետո հանեցին՝ կառուցվածքային վերափոխումների պատրվակով, ավելի ուշ նշանակեցին տեղակալի պաշտոնում։

Փաշինյանը ներեց Աբունցին՝ սկանդալային պարտությունը։ ՔՊ վարչության ղեկավարն ընդհանրապես որոշել է փոխել զայրույթը ողորմածության, որպեսզի ակտիվացնի բոլոր նրանց, ովքեր երբևէ ընդգրկված են եղել Սյունիքում ՔՊ-ի ծրագրերի իրականացման գործում։

Փաշինյանը ներել է նույնիսկ ՔՊ Կապանի բջջի նախկին ղեկավար Նարեկ Դավթյանին, որին անցած ամառ սկանդալով հեռացրեց կուսակցական պաշտոնից։ Այն ժամանակ արդար զայրույթի նոպայով բռնված Փաշինյանը ցրեց կուսակցական ամբողջ բջիջը՝ հրամայելով նորից ձևավորել այն զրոյից։ Իսկ վերջերս Փաշինյանը ոչ միայն ներեց Նարեկին, այլև նշանակեց նրան Սյունիքի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բաժնի պետի պաշտոնում: Այդ նշանակումը ՔՊ-ում անվանեցին անառակ որդու վերադարձ։

ՔՊ-ում դիրքերն ամրապնդել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, որի մասին ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին որպես ռեժիմի պարագլխի բարեհաճությունից զրկված կուսակցական գործչի։ Այդ ջերմ ընկերախմբին պետք է դասել նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, ինչպես նաև սյունեցի այլ պատգամավորների, որոնց ուսերին է դրվելու 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ին ձայներով ապահովելու խնդիրը:

Վերջերս Սյունիքի մշակութային ժառանգության նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է սկսել ցուցաբերել Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հատուկ հանձնաժողովն այցելել է 18 հուշարձաններ՝ դրանց պահպանման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը որոշելու նպատակով: Մեղրիում ուսումնասիրվել է տեղի ամրոցի, ինչպես նաև Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին և այլ եկեղեցիների վիճակը։ Կապանում ուսումնասիրվել է Տաթև վանական համալիրի վիճակը և այլն։

Գորիսում ուսումնասիրել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիճակը և այլն։ Դեռևս ոչինչ հայտնի չէ Սյունիքի մշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքների ժամկետների ու ծավալների մասին, սակայն ռեժիմի մեծ ուշադրության փաստն ակներև է բոլոր ուղղություններով

Եթե նախորդ 3 ամիսներին Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները գիշերները չէին քնում ադրբեջանական կողմի շարունակական գնդակոծությունների պատճառով, ընդ որում՝ երբ Փաշինյանի ռեժիմը բացարձակ ապիկարություն էր ցուցաբերում գնդակոծությունների կանխարգելման և դադարեցման գործում, ապա այսօր մարդկանց մտահոգում են այն լուրերը, որ Ալիևը կարող է օգտվել իրանա-իսրայելական հակամարտությունից՝ Սյունիք ներխուժելու համար։

Իշխանությունների արձագանքը գնդակոծումներին, հիշեցնեմ, սահմանափակվեց զառանցալից հավաստիացումներով, թե ադրբեջանցիները կրակում են առանց թիրախավորելու, սակայն չգիտես ինչու վնասվում էին խաղաղ բնակիչների տների տանիքներն ու պատուհանները։ Այդ արձագանքը, կրկնեմ, բացահայտեց ռեժիմի վերնաշերտի լիակատար անկարողությունը խաղաղ բնակչությանն ադրբեջանական կողմի ոտնձգություններից պաշտպանելու գործում։ Տխուր փորձից ելնելով՝ սյունեցիներն իշխանությունների հետ հույս չեն կապում ադրբեջանցիների հնարավոր ներխուժումից պաշտպանության հարցում։ Ոչ ոք չի հավատում, թե իրավիճակը վերահսկվում է