Բագրատ սրբազանը կալանավորվեց երկու ամսով
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց երկու ամսով։ Այդպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Նշենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։ Մասնավորապես՝ Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Վճիռը դատարանի մոտ հավաքվածներին ներկայացնելուց հետո Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ պաշտպանների թիմը բողոքարկելու է որոշումը։
Թե որ կալանավայր են տանելու սրբազանին, կպարզվի առավոտյան։
Sputnik Արմենիա