Սերգեյ Գլազև․ Առաջին եռամսյակի արդյունքներով ԵԱՏՄ-ում տնտեսության աճի տեմպերը նվազել են
Վերջին տարիներին ԵԱՏՄ երկրները աշխարհի համեմատ առաջանցիկ աճի տեմպերի են հասել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևը Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում։
«Վերջին տարիներին մենք համաշխարհային առաջատարների համեմատ հասել ենք առաջանցիկ աճի տեմպերի՝ ի հեճուկս մեր դրամային իշխանությունների հոռետեսության։ Մեզ 2024 թվականի համար 2.5% աճի կանխատեսում էին տվել, բայց իրականում ԵԱՏՄ բոլոր երկրներում տեմպերը 2-3 անգամ բարձր են եղել», – ասել է Գլազևը։
Նրա խոսքով՝ այս տարի կանխատեսումներում դեռևս գերակշռում է դրամային կարգավորիչների հոռետեսությունը. տնտեսական աճի տեմպերի նվազումն արդեն նկատելի է առաջին եռամսյակի արդյունքներով։ Այս առումով Գլազևը նշել է, որ ԵԱՏՄ տնտեսությունը կրկին սահում է դեպի իներցիոն սցենար՝ աճի տեմպերով, որոնք մեկուկես անգամ ցածր են, քան ՇՀԿ-ում, երկու անգամ ցածր, քան Չինաստանում և Հնդկաստանում, որոնք կազմում են տնտեսական զարգացման նոր երկբևեռ կենտրոն, և նույնիսկ ցածր են համաշխարհային միջինից։
Միևնույն ժամանակ Գլազևն ընդգծել է, որ տնտեսական աճի հնարավորություններ կան։
«Կարգավորող մարմինները սովորաբար ասում են, որ աշխատուժի պակաս կա, թեև մենք մոտ 3 մլն աշխատուժի ռեզերվ ունենք։ Այսպիսով, եթե դիտարկենք արտադրության բոլոր գործոնները, կտեսնենք, որ հիմնական կապիտալի առումով մենք աճի տեմպերը մեկուկես անգամ ավելացնելու հնարավորություն ունենք», – հայտարարել է Միութենական պետության պետքարտուղարը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվում է Մինսկում հունիսի 26-27-ը։
Sputnik Արմենիա