Փաշինյանը գոհ է «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ իրականացված քայլերից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների տանը կատարված խուզարկություններից և կալանավորումներից։ Նա երեկվա դեպքերի մասին խոսեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Համոզված եմ` երեկ բոլորդ հետևել եք իրադարձություններին, և կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, և, բնականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,– ասաց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտյան խորհրդակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, և որոշել են, որ իրավապահ համակարգի բոլոր` առավել արդյունավետ գործած ներկայացուցիչներին կներկայացնեն պետական պարգևատրման։

«Երեկ հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում ուշադրությունս գրավեց, որ օգտատերերից մեկը նշել էր, թե ՀՀ–ում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին ՀՀ իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որը ևս պետք է վստահելի ձևով ձևակերպենք։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու համար ջանքեր կգործադրի»,– ընդգծեց Փաշինյանը։

Sputnik Արմենիա