ՀԷՑ-ը պետականացնելը մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ՞. էկոնոմիկայի նախարարի արձագանքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը համոզված է, որ այն, ինչ այսօր կատարվում է ՀԷՑ–ի նկատմամբ պետական մակարդակով, մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողը էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց` ՀԷՑ–ը պետականացնելը մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ՞, և մի՞թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։

«Հայաստանը վստահաբար միակ երկիրը չէ, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, միանշանակ և հստակ կասեմ` ո՛չ և ո՛չ, որովհետև դուք կտեսնեք նախագիծը, որի բոլոր հիմքերը օրենսդրությամբ սահմանված են։ Այն, ինչ տեղի կունենա, մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, և մենք դրա կայացումն ենք ապահովելու»,–ասաց Պապոյանը։

Նա ընդգծեց, որ բազմաթիվ օրենքներ կան, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, քաղաքացու հանդեպ, այսինքն` խնդիրը պետք է դիտարկել հանրային շահի գերակայության համատեքստում։

«Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասել հարյուրհազարավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող այդ մի մարդուն ասել` դու ինչ ուզես, կարող ես անել, և հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն»,–ասաց նա։

Sputnik Արմենիա