Իրանի վերահսկող մարմինը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու օրինագիծը
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է այդ վերահսկող մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։
«ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին կառավարությանը պարտավորեցնող օրինագիծը սահմանադրության պահապանների խորհրդի անդամների քննարկումից հետո չի ճանաչվել իսլամական իրավունքին և սահմանադրությանը չհամապատասխանող»,– գրել է նա X սոցցանցում։
Իրանի խորհրդարանն ավելի վաղ հաստատել էր օրինագիծ ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին «այնքան ժամանակ, մինչև Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգությունը չապահովվի»։
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ–ն չի կատարել համագործակցության մասին համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի 23-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Թեհրանին խնդրել էր հասանելիություն տալ Իրանի երեք վնասված օբյեկտներին` հետևանքների մասշտաբները հասկանալու և գործակալության մանդատի համապատասխան միջուկային տեխնոլոգիաների հետագա խաղաղ օգտագործման համար: Սակայն Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ կազմակերպությունը վարկաբեկել է իրեն՝ վերածվելով քաղաքական գործիքի:
Երկրի հարաբերությունները կազմակերպության հետ վատթարացել էին դեռ իսրայելական գործողության և ԱՄՆ-ի հարվածներից առաջ. Թեհրանը սահմանափակել էր տեսուչների մուտքը իր օբյեկտներ: Իսկ հարվածներից անմիջապես առաջ ՄԱԳԱՏԷ-ն բանաձև ընդունեց, որում ասվում էր, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում: Մասնավորապես, փաստաթղթում նշվում էր, որ Թեհրանը գործակալությանը չի տրամադրել «տեխնիկապես հիմնավորված բացատրություններ» չհայտարարագրված օբյեկտներում արհեստականորեն ստեղծված ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ: Դրանից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Գործակալությունը ԱՄՆ-ի հարվածներից հետո ավերածություններ է գրանցել Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում, սակայն օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի դիտվել:
Sputnik Արմենիա