Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ՎԱՂՈՒՑ ՈՉՄԻ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ․ ԵՍ ՀԱՐՑ ՈՒՆԵՄ ՄԵԶ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին։
«1) Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց 34 ստորագրությամբ հրապարակայնորեն ազդարարում են Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հաջորդ փուլը:
2.) Եթե ընդդիմադիր այլ շրջանակների, կառույցների ու նախաձեռնությունների հետ համատեղ հայտարարվում է համաժողովրդական մոբիլիզացիա ու հանրահավաքային շարժում շատ կոնկրետ նպատակով, ժամանակացույցով ու նշանաբանով՝ հանրային մեծ ճնշում գործադրել ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլի իմփիչմենթին:
3.) Այս իրավիճակում ունե՞ք ողջամիտ փաստարկում, որ թեկուզ իրար չսիրող, թեկուզ վարչապետի հնարավոր որևէ թեկնածուի կամ թեկնածուների հազար տեսակ պոչ ու պոչ կպցնող հարյուր հազարավոր մարդիկ չեն հավաքվելու հրապարակներում, եթե տեսնեն ընդդիմադիր մեծ ու փոքր ճակատների միաբանությունը, եթե տեսնեն, որ իրենցից պահանջվում է լինել հրապարակներում շատ կոնկրետ նպատակով ու շատ ավելի կոնկրետ ժամանակացույցով: Ժողովրդի պատվերը հենց սա չի՞. միանանք բոլորով իրար, հեռացնենք Նիկոլին: Սամվել Կարապետյանի, Մայր Աթոռի ու Սրբազան շարժման առաջնորդների հանդեպ բռնաճնշումների այս ալիքը, որ առաջիկայում նոր թափ է ստանալու, այլ իրավիճակ չի՞ ստեղծել երկրում, հանրային նոր պատվեր չի՞ ձևակերպել:
Ունե՞ք որևէ բացատրություն, որևէ հիմնավորում, որ հանրային նման ճնշմամբ ու խելացի հաղորդակցությամբ հնարավոր չի լինի ՔՊ խմբակցությունը կիսել: Ես հեռվից գիտեմ նրանց, դուք եք իրենց հետ աշխատում. ՔՊ պատգամավորները բոլորն ավելի հավատավոր նիկոլական են, քան 1988 թ. հունիսի 15-ի ԳԽ-ի կոմունիստ պատգամավորնե՞րն էին կոմունիստ:
Ի վերջո, Նիկոլի պատանդի դերում գտնվող այդ մարդիկ՝ ՔՊ պատգամավորները, պիտի նաև տեսնեն չէ՞, պիտի վստահ լինեն չէ՞, որ ժողովրդի կողմն անցնելով՝ իրենք չեն հայտնվելու Նիկոլի երախում, ու խնդիրը մեկնընդմիշտ լուծվելու է՝ Նիկոլը հեռացվելու է, իսկ իրենք ազատվելու են պատանդի դերից:
Պարզ բան չի՞: Սա անելու պարզ նախապայմանը թղթի վրա առկա 34 ստորագրությունն ու մեծ փողոցը չէ՞: Իրենց աչքով այդպես չէ՞: Էս երկուսն էլ այս պահին ձեր՝ ընդդիմության ձեռքում չէ՞:
Ես Նիկոլին վաղուց ոչմի հարց չունեմ. Նիկոլն անում է այն, ինչ անում է: Նա չի կանգնելու: Նրա իրական նպատակը ցանկացած գնով Հայաստանի ղեկին մնալն է՝ «մինչև վերջին հայը», «մինչև պետականության վերջին պատառը» կարգախոսով: Գնալու է 3-րդ էլ, 4-րդ էլ, 10-րդ ժամկետի էլ:
Ես վաղուց ոչմի հարց չունեմ նաև օտար դերակատարներին՝ Ռուսաստանից Թուրքիա, ԱՄՆ-ից ու Եվրոպայից Ադրբեջան: Ամեն մեկն անում է այն, ինչը ձեռնտու է իրեն ու շատ էլ ճիշտեն անում: Մենք նույնը չե՞նք արել: Նույնը չէի՞նք անի:
Ես հարց ունեմ մեզ՝ ընդդիմությանը: Ես էլ ձեզ հետ: Ի՞նչ ենք անում մենք: Չեմ հարցնում՝ ի՞նչ ենք արել: Հարցնում եմ՝ ի՞նչ ենք անում: Ի՞նչ ենք անելու:
Առանց հետին մտքի, առանց որևէ սպասումի ու չգիտեմ ինչի»,- նշել է Ֆարմանյանը։