Փաշինյանի սկանդալային գրառումը Euronews-ի ուշադրության կենտրոնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառումը՝ Գարեգին Բ կաթողիկոսին ապացուցելու իր թլփատված չլինելու հանգամանքը, գրավել է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը։ Մասնավորապես, Euronews-ը հրապարակել է մի հոդված, որը սկզբնապես վերնագրված էր «ՀՀ վարչապետը շարունակվող վեճի ժամանակ Առաքելական եկեղեցու ղեկավարին առաջարկել է առնանդամը ցույց տալ» (Armenian PM offers to show penis to church head in ongoing squabble), սակայն հետագայում վերնագիրը փոխվել և խմբագրվել է, ինչպես նշված է հոդվածի վերջում՝ «հաշվի առնելով Euronews-ին ՀՀ վարչապետի գրասենյակի տրամադրած պարզաբանումները»։
Մասնավորապես, հոդվածի սկզբնական տարբերակում պնդվում էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանները Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ ապացուցելու համար, որ թլպատված է՝ նրա՝ իսկական քրիստոնյա չլինելու մասին հոգևորականության մեղադրանքների ֆոնին»։ Ըստ երևույթին, Euronews-ը չի հասկացել հայոց լեզվի կառուցվածքը և որոշել է, որ Փաշինյանը, «որպես ճշմարիտ քրիստոնյա», թլպատված է, և միաժամանակ հավելել է, որ «դա կրոնական ծես է, որը լայնորեն տարածված է հայ քրիստոնյաների շրջանում», չմոռանալով Փաշինյանի հայտարարությունը գնահատել որպես տարօրինակ։
Փաշինյանի վարչակազմի միջամտությունից հետո հոդվածը այլ կերպ է վերնագրվել. «Հայ եկեղեցու հետ կատաղի պայքարում վարչապետ Փաշինյանը առաջարկեց ապացուցել, որ ինքը թլպատված չէ»։ Այնտեղ ասվում է.
«Փաշինյանը պատասխանել է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարի ներկայացուցչի մարտահրավերին՝ հայտարարելով, որ պատրաստ է ապացուցել, որ ինքը թլպատված չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ պատրաստ է սեռական օրգանների հետազոտության ենթարկվել՝ հաստատելու համար, որ ինքը թլպատված չէ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ շարունակվող հակամարտության ֆոնին։
Փաշինյանն այս հայտարարությունն արել է ի պատասխան Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար Հայր Զարեհ Աշուրյանի խոսքերի, որն ակնարկել էր, որ կառավարության ղեկավարը թլպատված է և, հետևաբար, քրիստոնյա չէ։
«Ես կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է անհապաղ մաքրվի կեղծ «հավատացյալներից», ովքեր ազգի դավաճաններ են, պղծել են մեր նախնիների հիշատակը, ոտնահարել են մկրտությունը և Սուրբ Խաչի կնիքը փոխարինել թլպատման նշանով», -հայտարարել է Հայր Աշուրյանը։
Փաշինյանը պատասխանել է Ֆեյսբուքում՝ գրելով, որ պատրաստ է ընդունել մարտահրավերը և ապացուցել, որ թլպատված չէ, մի պրակտիկա, որը Հայաստանի քրիստոնեական ավանդույթներում չի կիրառվում։
«Թող վերջապես պատասխանի հարցին՝ խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։ Երեխա ունի, թե՞ ոչ», - հավելել է Փաշինյանը հրապարակման մեջ՝ կրկնելով հունիսին հնչեցրած մեղադրանքը, ըստ որի Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և հայր դարձել։
Այնուհետև եկեղեցին հայտարարություն է տարածել՝ Փաշինյանին մեղադրելով Հայաստանի «հոգևոր միասնությունը» խաթարելու մեջ, սակայն երեխայի ծննդյան վերաբերյալ պնդումը չի մեկնաբանել։
Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը և եկեղեցին այս շաբաթ ընդհարվել են։ Չորեքշաբթի իշխանությունները ձերբակալեցին եկեղեցական ականավոր գործիչ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և ևս 13 հոգու՝ մեղադրելով նրանց պետական հեղաշրջման փորձի մեջ։
Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ խումբը «ձեռք է բերել ահաբեկչական գործողություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներն ու գործիքները»։
Գալստանյանի փաստաբանը մեղադրանքները «հերյուրանք» է անվանել:
Ընդհանուր առմամբ, ենթադրյալ դավադրության գործով ձերբակալվել է 14 մարդ, սակայն լրատվամիջոցներում միայն Գալստանյանի անունն է հիշատակվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավելի քան 90 խուզարկությունների ընթացքում հրազեն և զինամթերք է առգրավվել:
Telegram-ում Փաշինյանը գրել է, որ իշխանությունները կանխել են «քրեաօլիգարխիկկղերականության» կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու լայնածավալ և չարագործ ծրագիրը»։
News.am