ԱՄՆ-ն քննարկում է Իրանին խաղաղ միջուկային ծրագրի համար 30 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու նախագիծը

Միացյալ Նահանգները քննարկում է Իրանին օգնելու հարցը՝ մինչև 30 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավելու քաղաքացիական միջուկային ծրագիր մշակելու համար, պայմանով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացումից, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գաղափարը մի քանի շաբաթ քննարկվել է Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի առանցքային երկրների միջև։ Առաջարկվող տարբերակներից մեկը Իրանին 20-30 միլիարդ դոլար տրամադրելն է, ընդ որում՝ միջոցները կտրամադրվեն ոչ թե անմիջապես Միացյալ Նահանգներից, այլ տարածաշրջանի արաբական պետություններից։

Ֆինանսական աջակցության հարցը, ըստ աղբյուրների, բարձրացվել է իրանա-ամերիկյան բանակցությունների մի քանի փուլերի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև փակ հանդիպումների ժամանակ։ «Միացյալ Նահանգները պատրաստ է նման բանակցություններ վարել, բայց ինքը չի ֆինանսավորի ծրագիրը»,- CNN-ը մեջբերել է Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից մեկի խոսքերը։

Քննարկվող այլ առաջարկների թվում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի վերացումը և սառեցված արտասահմանյան ակտիվներին հասանելիության հնարավոր վերականգնումը։ Քննարկվում է նաև Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը հարստացվող ուրանին չառնչվող ծրագրի վերածելու գաղափարը։

News.am