ԱՄԵՆԻՑ ԱՌԱՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ

Այն մասին, որ 2023 թվականի հունիսի 16-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական նպատակներ էր հետապնդում, Հայաստանում գիտի ցանկացած դպրոցական։ Սկզբում՝ մենախուց Նուբարաշենում, ապա տնային կալանք՝ Հերացու անվան բժշկական համալսարանում Աշոտյանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած շրջանում չարաշահումների գործով։ Նրան և նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրում են համալսարանի գույքը յուրացնելու (մոտ 100 հազար դոլար արժողությամբ) և «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջներն ուռճացված գներով ձեռք բերելու մեջ:

Իրականում Աշոտյանին «փակեցին» նրա քաղաքական գործունեության և երկրի ու ժողովրդի առջև ռեժիմի հանցագործությունները բացահայտող հրապարակային ելույթների պատճառով։ Ակնհայտ է, որ բռնաճնշումների պատճառը Փաշինյանի ճղճիմ վախն էր Աշոտյանի հանդեպ։

2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ արձակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանները ՀՀ տարածքում: «Վնգստացող դատավորները» երեք անգամ կալանավորեցին Քոչարյանին, ողջ պատճառը Փաշինյանի խուճապային վախն էր ակտիվ քաղաքականություն երկրորդ նախագահի վերադառրձից։

Փաշինյանը վախենում է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանից, որը Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ղեկավարել է «Նիկոլ Դուման» ջոկատը: Բազեյանը նույնպես երկար ժամանակ անցկացրեց բանտախցում ու տնային կալանքի տակ՝ մեկ անձի մատնությամբ։ 2023 թվականին նրան ձերբակալեցին՝ իբրև իշխանությունը բռնի զավթել փորձող կազմակերպված խմբի ղեկավարի։ «Խմբի» դերում նշվում էին «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության անդամները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն Արցախյան առաջին ազատամարտի ժամանակաշրջանի համանուն ջոկատի հետ:

Բազեյանի տանը խուզարկություն անցկացվեց։ Ավելի ուշ ԱԱԾ-ում Բազեյանը հացադուլ հայտարարեց ի նշան բողոքի։ Պետական հաստատությունների զինված զավթման փորձի մեջ նրան մեղադրանք ներկայացնելու իրական հիմքեր քննությունը չուներ։ Բազեյանին ճաղերի հետևում փակեցին միայն այն պատճառով, որ Փաշինյանը վախեցած էր հայկական երկրորդ պետությունը Ադրբեջանի մաս իր ճանաչելու արդյունքում ցեղասպանությունից և Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո։ Նա ընդհանրապես վախենում է Բազեյանի պես մարդկանցից, որոնք իրեն չեն ներել և երբեք չեն ներելու դավաճանությունն Արցախին։ Փաշինյանը վախեցավ Արցախի ազատագրման և պաշտպանության համար մղված պատերազմների վետերաններին իր շուրջ համախմբելու Բազեյանի փորձից։

Փաշինյանը վախենում է Սերոբ Գասպարյանից, Նախ՝ այն պատճառով, որ նա 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրն է։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Ռուստամը գլխավորում էր «Սև հովազ» ջոկատը, որից սարսափում էին ադրբեջանցիները։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեքենան, որում Ռուստամն ու իր որդին էին, ռմբակոծեցին։ Որդին տեղում մահացավ։ Ռուստամը որոշ ժամանակ անց մահացավ զինվորական հոսպիտալում։ Սերոբը վստահ է, որ մեքենային հարվածել են նշանառությամբ, ադրբեջանցիները գիտեին, թե ով էր այնտեղ։

Եղբոր զոհվելուց հետո Սերոբը գլխավորեց ջոկատը, ապա նաև համանուն «Սև հովազ» հասարակական կազմակերպությունը։ Գասպարյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ է իշխանության զինված զավթման փորձի մեղադրանքով։ Մեղադրանքը ներկայացվել է այն հորինվածքների հիման վրա, թե Սերոբը շինարարների բրիգադ է տարել Ռուսաստանի զորամասերից մեկի տարածք ոչ թե վերանորոգման աշխատանքների, այլ Հայաստանում իշխանության զինված զավթմանը նախապատրաստվելու նպատակով: Նրա տան խուզարկությունները ոչինչ չտվեցին։ Նման մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա, բայց գոյություն չունեցող ռուսական հետքը «հայտնաբերելու» գայթակղությունն այնքան մեծ էր, որ ԱԱԾ-ում որոշեցին միջոցներ ձեռնարկել ոմն Արսեն Ավետիսյանի ցուցմունքի հիման վրա, որը նախկինում բազմիցս բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ հակաիրավական գործողություններ կատարելու պատճառով:

ԱԱԾ-ում հարցաքննությունների մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ Ավետիսյանը, հընթացս գանգատվելով, որ պատկան մարմինները չեն ապահովել իր անվտանգությունը։ Պատկան մարմիններն Ավետիսյանի ցուցմունքների փաստը հաստատեցին։ Գասպարյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ:

Փաշինյանը վախենում է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանից, որի պաշտոնազրկումը ձգան դարձավ ԳՇ 40 գեներալների կողմից հենց Փաշինյանի հրաժարականի պահանջի համար։ Ոչ վաղ անցյալում մարտական գեներալը 1,5 ամիս մնաց կալանքի տակ՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքների հիման վրա, թե իբր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում նա ձախողել է Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի և Արաքսավանի պաշտպանական գծերի պաշտպանությունը։ Ծառայողական պարտականությունների անփույթ կատարման մեղադրանքը Խաչատրյանը չի ընդունում։

Փաշինյանը վախենում է խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանից, ուստի կալանավորել է նրան մի «հանցանքի» համար, որը «տեղավորվել է» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սատարող 40-վայրկյանանոց խոսքի մեջ, որում իշխանության հակասահմանադրական զավթման կոչի նշույլ անգամ չկա։ Փաշինյանին է՛լ ավելի էին վախեցնում ժողովրդին Կարապետյանի հղած համախմբման և պայքարի կոչերը։ Այդ իսկ պատճառով հունիսի 24-ին գործարարին «Արմավիր» գաղութից տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ ավելի խիստ պայմաններով: Դա կարող է խանգարել Կարապետյանին փաստաբանների միջոցով ժողովրդին փոխանցելու իր կոչերը։

Ռուսաստանն իր քաղաքացու ձերբակալությանը պատասխանեց հանցախմբի ձերբակալությամբ, որը գողացված ադամանդներ էր վաճառում Փաշինյանի «սրտի գործարար» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս, բնականաբար, հերքեց կապը հանցախմբի հետ։

Փաշինյանը վախենում է Սերժ Սարգսյանից, դրա համար էլ 2025 թվականին երրորդ նախագահին բորբոսով պատված մեղադրանք ներկայացվեց, թե իբր՝ միջնորդավորված կերպով 3 մլն դոլար կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից: Կաշառքը, իբր, տրվել է, որպեսզի իշխանությունը չխոչընդոտի իրեն պատկանող սեփականության օտարման գործարքին։ Այդ տիկնոջ համբավը լայն շրջանակներում հայտնի է, ուստի ՀՀԿ առաջնորդին ներկայացված մեղադրանքները ոչ ոք լուրջ չի ընդունում, բացի, իհարկե, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որի հսկողության տակ այդ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվեց մայիսի 29-ին։

2024թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Սարգսյանին արդարացնելու որոշում կայացրեց, սակայն գլխավոր դատախազությունն այդ որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարանում: Պատճառը իշխող վերնաշերտի պարագլխի վախն է ՀՀԿ առաջնորդից։

Փաշինյանը վախենում է Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից, Արայիկ Հարությունյանից, պետնախարար Ռուբեն Վարդանյանից, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանից, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանից, խոսնակ Դավիթ Իշխանյանից և արտգործնախարար Դավիթ Բաբայանից: Ցուցադրական ինքնադատաստանի մեղադրյալների հանդեպ վախի աստիճանի մասին կարելի է դատել ակնհայտ փաստից. Փաշինյանը մատը մատին չտվեց 23 հայ գերիների վերադարձի համար, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների:

Երևանում բոլորը քննարկում են, թե ինչպես են Ալիևն ու Փաշինյանը միաժամանակ կալանքի տակ պահում հայ խոշոր բարերարներ Վարդանյանին և Կարապետյանին: Ոչ վաղ անցյալում նախագահ Լուկաշենկոն Թրամփի խնդրանքով ներում շնորհեց և ազատ արձակեց ծանր հանցագործություններ կատարած ավելի քան 10 դատապարտյալների: Նրանց թվում կան նաև բելառուսներ, բայց մեծամասնությունը այլ երկրների քաղաքացիներ են։ Ինչո՞ւ Փաշինյանը չի խնդրում իր ռազմավարական գործընկեր Թրամփին, որ նույնպիսի խնդրանքով դիմի 23 հայ գերիներին պահող Ալիևին:

Նրանց ցանկը, ումից վախենում է Փաշինյանը, կարելի է շարունակել, սակայն թվարկված անուններն էլ բավարար են վերջնական եզրակացության համար. Փաշինյանը վախենում է բոլոր նրանցից, ովքեր 7 տարվա ընթացքում ոչ մի քայլ չեն նահանջել Հայաստանը թուրք-ադրբեջանական խամաճիկից ազատագրելու պայքարից: Օրեցօր ավելանում է նրանց թիվը, ումից վախենում է Փաշինյանը, ուստի, վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը, կասեմ. «Ամենից առավել Փաշինյանը վախենում է մեկ մարդուց, և այդ մարդը ԴՈ՛Ւ ես»։ «Գոլոս»-ի ընթերցողների մեջ այդպիսի մարդիկ հազարավոր են։