ԿՂՈՂԱՆՋԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԷՋՄԻԱԾՆԻ ԶԱՆԳԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան պայքարի կողմնակիցներին հետապնդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։
Այսպիսինն է մեր օրերի իրականությունը։ Ամեն թուլություն իր ետևից հաջորդն է բերում։ Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը…»,- երեկ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Սոցցանցերի հայկական մասնահատվածը եռում է ու չի հանդարտվում նույնիսկ գիշերային ժամերին. մարդիկ ահազանգում են ու ակտիվ գործողություններ պահանջում։ Սոցցանցերի հայկական մասնահատվածը եռում է արդեն 5 տարի շարունակ. ժամանակ առ ժամանակ այդ զայրույթը ժայթքել է և փոխարկվել բողոքի հզոր ակցիաների։ Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի եղել, որ ընդդիմությունը կոչ անի ժողովրդին դուրս գալ փողոց, և ժողովուրդը չարձագանքի կրիտիկական զանգվածով։
Եվ ամեն անգամ, լիներ դա «Դիմադրություն», «Հայրենիքի փրկության», թե «Սրբազան պայքար» շարժումը, այդ հանրահավաքներն ու ակցիաները խուճապի էին մատնում իշխանությանը, հակաօրինական ու դաժան գործողությունների պատճառ դառնալով ուժայինների կողմից, որոնք Նիկոլի հրամանով անխնա հաշվեհարդար էին տեսնում թե՛ ընդդիմադիր գործիչների, թե՛ շարքային մասնակիցների հետ։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ անցած տարվա հունիսի 12-ին՝ Մայիսի 9-ի հզոր հանրահավաքից հետո։
Այդ ժամանակից ի վեր գոծնականում ոչ մի անգամ ոչ մի հասարակական-քաղաքական ուժ հանրահավաքի չի հրավիրել մարդկանց՝ թուրքական դրածոների հրաժարականի պահանջով։ Այս 5 տարիների ընթացքում մենք կորցրեցինք այն, ինչը, թվում էր, երբեք չենք կարող կորցնել. Արցախը։ Կորցրեցինք հազարավոր կյանքեր, թշնամու կողմից բռնազավթված բուն Հայաստանի տարածքի հարյուրավոր կիլոմետրեր, տվեցինք գերիներ և տեսանք ինքնադատաստանը Բաքվում, որտեղ ցեղասպան պետությունը դատում է նրանց, ում միակ «մեղքը» ազնիվ ու անմնացորդ ծառայությունն էր իրենց Հայրենիքին ու ժողովրդին։
Մենք նսեմացել ենք այնքան, որքան առհասարակ կարող են նսեմանալ այն պետության քաղաքացիները, որի առաջնորդը սողում ու ստորաքարշություն է անում թշնամու առջև, իսկ երկրի ներսում՝ գործածում ամենաէժանագին, կեղտոտ ու անպարկեշտ բառապաշար և հռետորաբանություն, ողջ աշխարհի առջև խայտառակելով ու ծաղրի առարկա դարձնելով և՛ իրեն, և՛ երկիրը, և՛ ժողովրդին։
Մենք նսեմացել ենք այն աստիճան, որ իշխանության ղեկին հանդուրժում ենք անգրագետ կենակիցների զույգին, որոնք պատրաստ են հանուն իրենց շահի և իշխանության սեփական մեղքերի զոհասեղանին դնել պետությունն ու ժողովրդին։ Մեր երկրում շատ են խոհեմ, կիրթ, պարկեշտ ու Հայաստանին նվիրված մարդիկ, որոնք բոլոր այս 5 տարիներին շատ խելացի ու ճիշտ բաներ են ասել այն մասին, որ երկիրը տարվում է կործանման: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ առաջնորդ, միավորել առողջ ուժերը, միտքն ու գիտելիքը և տանել իր հետևից՝ դեպի Հայաստանի համար մղվող, ըստ էության, վերջին ճակատամարտ։
ԲԱՅՑ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏՆՎԵՑ։ Խարիզմայով և ուժեղ կամքով օժտված առաջնորդների ճգնաժամն արդիական խնդիր է ողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Բայց երևի միայն Հայաստանն է այսօր կանգնած անդունդի եզրին և «լինել-չլինելու» սահմանագծին։ Քանզի այն, ինչի ուզում են վերածել մեր երկիրը նիկոլները, լինելու է ինչ ասես, միայն ոչ Հայաստան։
Մեզ սաստիկ պակասում է «քաջերի խենթությունը». անվերապահ խարիզմայով օժտված և պայքարին գլխովին նվիրվելու պատրաստ պասիոնարները։ Մեզանում հեշտությամբ կգտնվեն փորձառու պրոֆեսիոնալներ յուրաքանչյուր ոլորտում՝ հետնիկոլական շրջանում գործունակ ու արդյունավետ կառավարություն ձևավորելու համար, բայց չկա նա, ով իր հետևից կտանի պայքարի պատրաստ հայրենակիցների զանգվածներին։ Իսկ որ մարդիկ պատրաստ են, դրանում ոչ մի կասկած չկա։
Կասկածից վեր է նաև, որ համակարգային ընդդիմությունն ի վիճակի չէ լուծել այդ հարցը, ինչպեսև, ասենք, ոչ համակարգայինը։ 7 տարվա ընթացքում ընդդիմության այդպես էլ չհաղթահարած տարանջատության և ազգային շահերի նկատմամբ անձնական շահի գերակայության խորապատկերին իշխանությունները գործում են՝ լուծելով ինչպես ընտրություններում իրենց վերարտադրության, այնպես էլ երկիրը թուրքական աշխարհի կցուկ դարձնելու հարցերը։ Եվ եթե ամեն ինչ շարունակի այսպես ընթանալ Էրդողանի ծրագրով, 2026-ի ընտրությունները կդառնան լոկ դատարկ ձևականություն, որոնք կամրագրեն թուրքերի և թուրքանման հայերի վերջնական հաղթանակը։
Հայ Եկեղեցին միակ խոչընդոտն է այդ ճանապարհին. այս խոսքերն այսօր հնչում են ամեն քայլափոխի, ինչպեսև հավաստիացումները, որ իշխանություններին չի հաջողվի կոտրել հայկական ինքնության և պետականության վերջին ու կարևորագույն ինստիտուտը: Բայց մի՞թե մենք նույն կերպ չէինք համոզված, որ նիկոլներին չի հաջողվի մարսել դավաճանությունն ու Արցախի հանձնումը։ Մի՞թե ահա արդեն ավելի քան 4 տարի չենք ապրում մեր պետության ինքնիշխան տարածքների բռնազավթման պայմաններում։ Մի՞թե վերջին տարիներին չենք գտնվում մշտապես նվաստ, խայտառակված ու ամոթահար վիճակում, որ հանդուրժում ենք դավաճանների ու թշնամու կամակատարների իշխանությունը։
Այդուհանդերձ փաստը մնում է փաստ. Հայ Առաքելական Եկեղեցին ազգային ինքնության վերջին պատվարն ու խորհրդանիշն է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում կորցնել Հայրենիքը: Ուստի անհնար է թերագնահատել հոգևորականների և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի դերը։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ստորության, նողկալիության ու զազրելիության աստիճանով աննախադեպ այն գրոհը, որ ձեռնարկել են կենակից-անաստվածների զույգն ու նրանց ճարպակալած ու վերջնականապես լկտիացած ողջ ծառայանին, բացի ամենից՝ ապացուցում է նաև Եկեղեցու անգնահատելի կարևորությունը և նրա դերը Հայաստանի համար հայերի վերջին ճակատամարտում:
ԴԱ ԳԵՐԱԶԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՎԱՅՐԱՀԱՉԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ։ Դրա ապացույցն են նաև վերջին և, անկասկած, գալիք բռնաճնշումները։ Բագրատ Սրբազանին և էլի երկու հոգևորականների արդեն կալանավորել են 2 ամսով, եթե ոչ այսօր, ապա վաղը կդատապարտեն ազգային մեկ այլ հավանական առաջնորդի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Եվ ի վերջո կգնան Կաթողիկոսի հետևից։
Երեկ համացանցում արդեն տեղեկություն էր տարածվել գիշերը Մայր Աթոռի վրա նախապատրաստվող հարձակման մասին, և մարդիկ անմիջապես շտապել էին այնտեղ՝ պաշտպանելու Եկեղեցին: Սակայն կա՛մ տեղեկատվությունն էր սխալ, կա՛մ մարդկանց կուտակումն էր վախեցրել իշխանավոր ահաբեկիչներին, բայց գիշերը հանգիստ անցավ: Ինչը, բնականաբար, չի նշանակում, թե Նիկոլը հրաժարվել է իր ծրագրերից. ոչ, միայն հետաձգել է դրանք՝ մեկ օրով, երկու օրով, երեք…
Կդիմանա՞ արդյոք Եկեղեցին: Այս հարցն այսօր տանջում է շատերին, ովքեր զսպվածություն և գուցե անվճռականություն են տեսնում Սուրբ Էջմիածնի գործողություններում: Ոչ ոք, իհարկե, չի պահանջում խառնաշփոթ և ինքնաբուխ-կտրուկ շարժումներ ու քայլեր։ Սակայն անվերապահ է այն փաստը, որ եկել է հանգամանորեն մտածված և կազմակերպված գործողությունների ժամանակը: Եվ եթե մարդիկ վստահ լինեին, որ այդ գործողությունները նախապատրաստվում են, որ ռեժիմի դեմ պայքարի նախապատրաստմանն ու կազմակերպմանն են նետված ազգի լավագույն ներկայացուցիչների միտքն ու փորձը, և որ քաղաքական առաջնորդներն ի վիճակի են մի կողմ դնել իրենց հավակնություններն ու միավորել ջանքերը գոնե իշխանափոխության համար պայքարի փուլում, հավանաբար չէր լինի այդպիսի ներքին անհանգստություն։
ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԱՆԳԱՄՆԵՐ ԽԱԲԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ։ Չափազանց հաճախ հիասթափություն առաջացավ նրանց գործողություններից, ովքեր պատասխանատվություն էին ստանձնել և գլխավորել բողոքի ակցիաները։ Չափազանց շատ է կեղտն ու ցինիզմը մերօրյա իրականության մեջ, բայցև մտադրությունների անաղարտությունն ու հայոց պետության փրկության համար ամեն ինչ անելու բացարձակ անշահախնդիր ձգտումն էլ շատ մեծ է: Անհամեմատ ավելի մեծ:
Այդպիսի հայերի հայացքն այժմ ուղղված է մեր Եկեղեցուն։ Մենք ցանկանում և հավատում ենք, որ միասին կարող ենք դիմակայել և հաղթել չարքերի դեմ պայքարում: Մենք ցանկանում և հավատում ենք, որ Աստված մեզ հետ է և կօրհնի մեզ Հայրենիքը չարքերից մաքրելու համար:
Մենք ուզում ենք հավատալ և հավատում ենք նրանց, ում ուսերին է ընկել երկրի և ազգի ճակատագրի համար պատասխանատվության այսչափ ծանր բեռը: Բայց ում որ շատ է տրված, նրանից շատ էլ պիտի պահանջվի: Եվ մենք ցանկանում ու հավատում ենք, որ նրանց հանդեպ մեր հավատն ու հույսը փոխադարձ են։ Մենք սպասում ենք զանգերի ղողանջին՝ շատ լավ հասկանալով, որ նրանք կազդարարեն մեր վախճանը, եթե վախենանք ու կրկին դավաճանենք ինքներս մեզ։