Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով. պաշտպանները կբողոքարկեն որոշումը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։

Դատարանը սահմանափակեց նաև Միքայել սրբազանի շփումները` բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։

Դատարանի որոշումը ներկայացնելուց հետո Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ պաշտպանների թիմը կբողոքարկի որոշումը։

Նախնական տվյալով` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը»,– լրագրողներին ասաց Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։ Մասնավորապես Մելքոնյանի որոշմամբ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը, նաև Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը։

Sputnik Արմենիա