Պաշտպան․ Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել
Արքեպիկսոպոս Միքայել Աջապահյանը կալանավայրից հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել իշխանություններին իրենց մեղադրանքները հիմնավորելու առիթ չտալու համար, հայտարարել է սրբազանի պաշտպանական թիմից իրավաբան Արա Զոհրաբյանը։
«Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցերը թեկնածության մասին արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար, իսկ սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել։ Եվ դրան զուգահեռ նրան ուզում են վարչապետի թեկնածու դարձնել», - հայտարարել է Զոհրաբյանը։
Իշխանությունը Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել։ Բագրատ սրբազանի ձայնագրությունները Փաշինյանը կապում է ամբողջ Մայր Աթոռի հետ:
«Այո, Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են: Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել», - ասել է Զոհրաբյանը։
Սրբազանը որևէ մեկի հետ իր որոշման մասին չի քննարկել, դրսից զանգ չի ստացել։
Զոհրաբյանը և սրբազանի մյուս չորս պաշտպանները հունիսի 30-ին ասուլիսի ժամանակ կներկայացնեն լրագրողներին և հանրությանը հետաքրքրող այլ մանրամասներ։
Sputnik Արմենիա