Նեոնացիզմի վրա հենված ահաբեկչության աճ. ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել ահաբեկչության աճող սպառնալիքների և նեոնացիզմի վրա հենված ահաբեկչությունների թվի աճի կապակցությամբ: Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ ղեկավարների՝ ահաբեկչության և ծայրահեղականության տանող արմատականացմանը հակազդելու մասին հայտարարության մեջ։
«ՀԱՊԿ անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքների աճի կապակցությամբ և ընդունում են, որ գոյություն ունեն արմատականացման լուրջ խնդիրը պայմանավորող մի շարք ներքին և արտաքին գործոններ, որոնք ծնում են բռնություն և նպաստում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավմանը», - ասվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անվերապահորեն դատապարտում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով՝ ընդգծելով, որ ահաբեկչության և ծայրահեղականության որևէ գործողություն չի կարող արդարացում ունենալ՝ անկախ դրդապատճառներից, երբ և ում կողմից էլ դրանք իրականացվեն, իսկ նման հակաիրավական արարքների համար մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Նրանք նաև անհանգստություն են հայտնել ահաբեկչական և այլ ծայրահեղական գործողությունների թվի աճի կապակցությամբ, որոնք իրականացվում են ծայրահեղականության գաղափարների ազդեցության տակ, այդ թվում՝ նեոնացիզմի, այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության այլ ձևերի հողի վրա։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չեն կարող և չպետք է ասոցացվեն որևէ կրոնի, ազգության, քաղաքակրթության կամ էթնիկ խմբի հետ:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարել են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության արդարացման և դրա իրականացման հրահրման ցանկացած աջակցության, քարոզչության անթույլատրելիության մասին:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել «ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում երկակի ստանդարտների, ինչպես նաև շահադիտական աշխարհաքաղաքական նպատակներով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների օգտագործման փորձերի դեմ»:
Փաստաթղթում նշվում է ահաբեկչության դեմ պայքարում առաջավոր մեթոդների և միջոցների կատարելագործման գործընթացի շարունակման անհրաժեշտությունը, հատկապես ահաբեկիչների և ծայրահեղականների կողմից արմատական գաղափարախոսության տարածման համար ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման փորձերը կանխելու նպատակով։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը: Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր կազմակերպությունում իր մասնակցության սառեցման մասին։
Sputnik Արմենիա