ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՈՒ ԴԵՆ Է ՆԵՏՈՒՄ
Այնպես չէ, թե Փաշինյանի վարած քաղաքականության էությունը յոթ փականի հետևում թաքնված գաղտնիք է։ Կա գլխավոր ռազմավարական խնդիր և այդ խնդրի լուծումը սպասարկող մարտավարական քայլեր։ Օրինակ, գլխավոր խնդրի՝ տարածաշրջանից Ռուսաստանի քայլ առ քայլ վտարման մեջ արցախցիների իրավունքների պաշտպանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում։
Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է՝ արցախցիների իրավունքների պետական մակարդակով պաշտպանության մասին կարելի է մոռանալ։ Դա ակնհայտ է, քանզի անհնար է փորձել ինչ-որ կերպ ապահովել այդ իրավունքներն առանց Մոսկվայի գործուն մասնակցության, որի հսկողության ներքո են և՛ 9.11.2020 թ. Եռակողմ հայտարարությունը, և՛ Երևանի, Բաքվի և Մոսկվայի կողմից ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ համատեղ մշակումները:
Փոխարենը Փաշինյանի հիշյալ գլխավոր ռազմավարական խնդրի մեջ օրգանապես տեղավորվում է ինչպես առհասարակ Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պայքարը։ Չէ որ ՀԱԵ-ն բոլոր ժամանակներում, իսկ առավելևս պետականության բացակայության ժամանակ եղել է հայկական իղձերի ու հույսերի պատվարը, իսկ ՀԱԵ ղեկավար Գարեգին Բ-ն կրոնական աշխարհում հայտնի և հեղինակավոր գործիչ է, որի ձայնն ի պաշտպանություն արցախցիների լսելի է, ծանրակշիռ և նյարդայնացնում է Ալիևին ու Փաշազադեին։
Փաշինյանի գլխավոր ռազմավարական խնդրի մեջ օրգանապես տեղավորվում է նաև Սամվել Կարապետյանի կալանավորումը, իբր՝ Նիկոլի «քմահաճույքով» կամ «կամակորությամբ»։ Ոչ մի «քմահաճույք» կամ «կամակորություն» չկա: Կա Փաշինյանի տեսանկյունից տրամաբանական քայլ՝ ուղղված ռուսական կապիտալը տարածաշրջանից դուրս մղելուն։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Տաշիր» ընկերության վատ աշխատանքի, Հայաստանի ներքին գործերին Կարապետյանի միջամտության մասին իշխող թիմի բոլոր հայտարարությունները շղարշ են, անհրաժեշտ անտուրաժ։
Ճիշտ է, այնպես չէ, թե Փաշինյանը պատրաստ չէ ծխել խաղաղության չիբուխը, եթե Կարապետյանն ու Կաթողիկոսը հնազանդվեն իրեն, ընդունեն իր առաջարկած խաղի կանոնները։ Դե, այ ո՞նց է հանգիստ թողել Գագիկ Ծառուկյանին... Բայց առայժմ Փաշինյանը նման ձգտում չի տեսնում ո՛չ Վեհափառի, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի կողմից։
Բայց պետք է նկատի առնել, որ մարտավարական քաղաքական խաղում Փաշինյանի բոլոր հնարավոր դաշնակիցները ժամանակավոր են։ Նա դաշնակիցներից օգտվում է լոկ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք քաղաքական շահաբաժիններ են բերում իրեն։ Հետո հեշտությամբ ազատվում է «դաշնակիցներից»։
Այդպես եղավ Փաշինյանի առաջին կոալիցիոն կառավարության հետ, որի կազմում էին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն։ Օգտագործեց ու դեն նետեց։ Երբ Փաշինյանը կարող էր օգտվել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի հնարավորություններից, ներբողներ էր ձոնում նրանց։ Ձոնեց, իսկ հիմա դեն է նետել… Երբ նրան պետք էին Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը՝ օգտվում էր նրանցից։ Հետո դեն նետեց։
Փաշինյանը պաշտում էր Տեր-Պետրոսյանին, երբ իր քաղաքական կարիերան էր կառուցում, երբ նրա ուսերին նստած մտավ խորհրդարան։ Օգտագործեց, դեն նետեց, հիմա զազրախոսում է Տեր-Պետրոսյանի հասցեին։
Երբ դա իրեն անհրաժեշտ էր քաղաքական կապիտալի համար՝ լայն ժպտալով սելֆի էր անում Կաթողիկոսի հետ ու գրում, որ դա պատմական լուսանկար է. Հայաստանի վարչապետի առաջին համատեղ սելֆին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ... Այն ժամանակ Կաթողիկոսի կուսակրոնության հարցը Փաշինյանին չէր մտահոգում։
ՓԱՇԻՆՅԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՈՒ ԴԵՆ Է ՆԵՏՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ։ Նա այդպես է վարվում հասարակության տարբեր շերտերի, ասենք՝ նաև ամբողջ ժողովրդի հետ, որը նրան պետք էր իշխանության գալու համար, բայց որին կարելի է գնդակոծել արգելված միջոցներով ու ծանրաբերնել տարբեր հարկերով, եթե նա՝ ժողովուրդը, դեռ պետք չէ։
Պետք չէ, որովհետև այսօր Փաշինյանն այլ ռեսուրսներ ունի իշխանությունը պահպանելու համար։ Նախ՝ Արևմուտքը, որի համար Փաշինյանը պարզապես նվեր է։ Չէ որ Փաշինյանը ոչ միայն ազատեց Արևմուտքին գլխացավանքից՝ Արցախի խնդրով զբաղվելուց։ Ավելին, նա հասավ դրան՝ վարկաբեկելով Մոսկվային։ Էլ ի՞նչ դարդ ունեն: Ե՛վ փող կտան հարբած փառատոնների համար, և՛ Էրդողանը կուղեկցի մինչև մեքենան։ Ե՛վ Մակրոնը տեղնուտեղը կգրի. «Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»…
Երկրորդ՝ Փաշինյանն ունի ուժային կառույցներ, որոնք ամեն օր զեկուցում են նրան, այդ թվում՝ իր ընդդիմախոսների անձնական կյանքի մասին, ինչը խոստովանեց անձամբ Փաշինյանը՝ «նորաձև կրթություն» աղանդի անդամների վերջին հավաքում։
Այլ հարց է, որ օգտագործված ու դեն նետվածների թվի աճին զուգընթաց ավելի ու ավելի է սեղմվում հանրային դժգոհության զսպանակը։ Բավական է Փաշինյանը մի քիչ սխալվի հաշվարկներում՝ զսպանակը կզարկի սաստիկ ուժգնությամբ։ Տա Աստված, որ պետության համար կործանարար չլինի։