ՀԷՑ-ի պետականացման նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է 3-ժամյա ռեժիմով
ՀԷՑ–ի պետականացման նախագիծը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով։ Այս հանգամանքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար խիստ կասկածելի է, և նա իր դժգոհությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
«Նախագծերի փաթեթը 3– ժամյա ռեժիմով բերվել է ԱԺ, սակայն դուք` ՏԿԵ նախարարությունը, կառավարության այս նախագծի վերաբերյալ նշել եք, որ այն լրամշակման կարիք ունի, մանավանդ նշել եք նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի խիստ անորոշության մասին։ Այնպիսի ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքաչյուր քաղաքացու, որը մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպան, այդպես ոտքի վրա` 3– ժամյա ռեժիմով բերել մի օրենք, դա անընդունելի է։ Մանավանդ, այն նաև վերաբերելու է ՀՀ և՛ ներդրումային մթնոլորտին, և՛ կառավարման համակարգին, և՛ էներգետիկայի ոլորտին»,– հայտարարեց Մանուկյանը։
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ըստ էության խուսափեց ուղիղ պատասխաններից` նշելով, որ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերը կքննարկվեն ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ցանկացած ռազմավարական ոլորտ ունի կարևոր նշանակություն, և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությունը շատ կարևոր է։ Այն քայլերը, որոնք իրականացվում են, բխում են ՀՀ քաղաքացիների շահերից»,– ասաց նա։
Sputnik Արմենիա